«Մենք գիտենք, որ միասին մենք կարող ենք անել ամեն ինչ ու հասնել ամեն ինչի». Մկրտիչ Արզումանյան
Հայ աստղերի մասնակցությամբ նոր տեսահոլովակը և երգը կոչվում է «Դե ժպտա»։ Այն բարեգործական ծրագիր է, որն ուղղված է քաղցկեղով հիվանդ երեխաներին, իսկ տեսահոլովակի և երգի հաղորդագրությունը հետևյալն է՝ «Ժպտա, որ հաղթես»։
Երգի բառերի հեղինակն է Էդգար Ալեքսանյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը՝ Կարեն Արամյանը։ Գաղափարի մասնակցիներն են Aram MP3-ն, Իվետա Մուկուչյանը, Միհրան Ծառուկյանը, Էրիկը, Անահիտ Շահբազյանը, Քրիստինե Պեպելյանը, «Ռեինկարնացիա» խմբի մեներգիչ Ռոլանդ Գասպարյանը, Յանա Հովհաննիսյանը և Մկրտիչ Արզումանյանը։ Ի դեպ՝ վերջինս էլ այս ծրագրի նախաձեռնողն է։ Տեսահոլովակում նկարահանվել են ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրում բուժվող երեխաները։
168.am-ի հետ զրույցում Մկրտիչ Արզումանյանն ասաց, որ իրեն առաջարկով դիմել է ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի կլինիկայի բուժանձնակազմը.
«Ինձ՝ որպես իրենց լավ ընկերոջ, խնդրեցին, որ կազմակերպեմ և իրականացնեմ գաղափարը։ Ես համաձայնեցի, և մենք էլ, իմ այն լավ ընկերների հետ, որոնք պատրաստ էին և ոչինչ չխնայեցին սրա համար, մեծ սիրով միանգամից հավաքվեցինք ու սկսեցինք աշխատել։
Մկրտիչ Արզումանյանը նշեց նաև, որ այս ամենն արվում է նրա համար, որ յուրաքանչյուրս ուշադիր լինենք, և ինչքան խնդիրներ կան՝ կապված մանավանդ երեխաների հետ, փորձենք լուծել միասին, միասնական:
«Որովհետև մենք գիտենք, որ միասին մենք կարող ենք անել ամեն ինչ ու հասնել ամեն ինչի։ Հենց այս տեսահոլովակի հաղորդագրությունն էլ այն է, որ լցվենք դրականով և այդ դրական լիցքերը հաղորդենք այն մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը։ Դրական լիցքեր հաղորդելով՝ հաստատ լավ արդյունքների կհասնես, մանավանդ որ՝ ունենք վիճակագրություն՝ 20 տարվա մեջ 1000-ից ավելի մանկական քաղցկեղով տառապող երեխաներ հաղթահարել են այդ հիվանդությունը և շարունակում են ապրել, ընտանիքներ են ստեղծել։ Մեր գերխնդիրն էր՝ ստանալ դրական երգ, դրական տեսահոլովակ և այդ ամեն ինչով ոգևորել մյուսներին, որոնք անցնում են այդ դժվար ճանապարհով»,- նկատեց մեր զրուցակիցը։
Ռոզա Հակոբյան