Բաժիններ՝

«Մեր տնտեսությունը չի կարող շարունակել իր երկարաժամկետ գործունեությունը՝ առանց այս համակարգային փոփոխությունների». Արտակ Մանուկյան

Հարցազրույց տնտեսագետ Արտակ Մանուկյանի հետ

– Պարոն Մանուկյան, ըստ Ձեզ՝ Կարեն Կարապետյանի կառավարության պաշտոնավարման 9 ամսվա ընթացքում ի՞նչ է փոխվել մեր տնտեսության մեջ։

– Կարեն Կարապետյանի գալով՝ չափից շատ ակնկալիքներ ստեղծվեցին. մի մասը՝ օրինաչափ, մի մասը՝ ոչ այնքան, բայց, այդուհանդերձ, նա այդ ակնկալիքները ստեղծեց։ Առնվազն պետք է ամրագրենք, որ 9 ամիս անցել է, բայց որակական փոփոխություններ չկան։ Իսկ ստեղծված ակնկալիքների մեծ խումբը համակարգային բնույթի խնդիրների լուծումներ էր ենթադրում, որոշ մասը՝ որակական, որոշ մասը՝ կոսմետիկ կամ ինչ-որ ներքին արդյունավետության բարձրացում։ 9 ամսվա գործունեությունն ավելի շատ ներքին արդյունավետության բարձրացման որոշակի քայլերի իրականացումն էր։ Մինչդեռ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների և տնտեսության առումով՝ խնդիրները հիմնականում համակարգային են։

– Այս 9 ամսվա ընթացքում արտաքին պետական պարտքն ավելացել է մոտ 0.5 մլրդ դոլարով ու դեռ շարունակում է աճել, տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 2.5%, ինչը նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ՝ ավելի ցածր է,  9 ամիսներին հավաքվել է 1 մլրդ 546 մլն դոլար հարկ, որն ավելի շատ է, քան 2016թ. նույն ժամանակահատվածում, բայց այդ ցուցանիշը զիջում է, օրինակ՝ 2013-14թթ. հոկտեմբեր-մայիս ամիսների ցուցանիշին, երբ հավաքվել էր 1 մլրդ 627 մլն դոլար հարկ։ Այսինքն՝ ստացվում է, որ Կ. Կարապետյանն ուղղակի եկավ, խոստումներ տվեց, բայց այդպես էլ դրական արդյունքներ չունեցա՞նք։

Կարդացեք նաև

– Եթե համեմատություն ենք անցկացնում, չպետք է մոռանանք, որ 2016թ. հուլիսից մինչև հոկտեմբեր մեր տնտեսությունն անկում է գրանցել։ Այսինքն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը հունիսից հետո նվազել է։ Ստացվում է, որ այս կառավարությունը, բացասական տրենդ վերցնելով՝ սկզբնական շրջանում այդ նույն վեկտորը պահպանել է, բայց որոշ շրջանից հետո տնտեսությունը սկսել է աճել։ Արտաքին պետական պարտքի մասով ասեմ, որ կան երկրներ, որոնց արտաքին պետական պարտքը շատ ավելի մեծ է ՀՆԱ-ի նկատմամբ, և այլն, բայց այստեղ կարևորն այն է, որ մեր վերցրած արտաքին պարտքը, որն ուղղված է եղել ենթակառուցվածքների զարգացմանը, այսինքն՝ մենք այդ պարտքը կարծես թե վերցնում ենք, գիտակցելով, որ ինչ-որ բան ենք փոխում, որը մեզ կայուն ու երկարաժամկետ տնտեսական աճ պետք է ապահովի, բայց ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այդ պարտքը վերցվել է ու չի գնացել ենթակառուցվածքների կամ կայուն տնտեսական աճի զարգացմանը, այլ որոշակիորեն գնացել է կոնկրետ մարդկանց գրպանը։

Համակարգային փոփոխությունը ենթադրում է, որ այդ կոնկրետ բացթողումների ու անարդյունավետությունների համար, որոնք հանգեցրել են մեր՝ հարկատուներիս, միջոցների մսխմանը, պետք է ուսումնասիրություններ իրականացվեն: Եթե այս մասով չկա փոփոխություն, հասկանալի է, որ հասարակության մոտ վստահության պակաս է գրանցվում։  2017թ. մասով պատկերը մի փոքր ավելի լավը կլինի՝ նաև պայմանավորված ցածր բազայի հետ համեմատությամբ։

Բայց ձեր նշած վիճակագրությունը նաև մատնանշում է, որ որակական կամ էական փոփոխություններ չկան, և մենք շատ ցուցանիշներով մոտենում ենք 2008թ.։ Կարող եք, օրինակ՝ համեմատություններ անել աղքատության ցուցանիշով։ Բայց 2018թ., մեծ հաշվով, մեծ ճնշումներ են լինելու այս մասով, որ, եթե փոփոխություններն էական չլինեն, ապա ինչ-որ մի տեղում կարող է սա պայթել։ Այսինքն՝ մեր տնտեսությունը չի կարող շարունակել իր երկարաժամկետ գործունեությունը՝ առանց այս համակարգային փոփոխությունների։

– Կառավարության նոր ծրագրով 5% տնտեսական աճի մասին է խոսվում, դրա հնարավորություններն ունե՞նք։

– Ես հիշում եմ, որ 2013թ. Սերժ Սարգսյանն ասում էր, թե այն կառավարությունը, որը 7% տնտեսական աճ չկարողանա ապահովել, պետք է հրաժարական տա։ Հիմա, եթե մենք դիտարկում ենք Հայաստանի պոտենցիալը, իհարկե, այո՛, կարող ենք։ Դրա համար հեռու պետք չէ գնալ, օրինակ՝ մեր երկրում դեռ արտադրողականությունն այն մակարդակի չի հասել, որ կարողանանք ասել՝ ամբողջովին օգտագործում ենք մեր արտադրական պոտենցիալը։ Այսինքն՝ չօգտագործված հնարավորությունների բավականին մեծ բազա ունենք՝ որպես տնտեսության ներուժի, և դեռ չեմ խոսում, որ, երբ մենք այդ պոտենցիալը գնահատում ենք, ապա նույնիսկ դա ապահովվում է մաշված տեխնոլոգիաներով։ Հետևաբար, եթե կարողանանք այստեղ տրանսֆորմացիա անել և  կիրառել համեմատաբար նոր տեխնոլոգիաներ, և մի փոքր էլ բարձրացնենք մեր պոտենցիալին հասնելու արտադրողականությունը, վստահաբար 5% կարող ենք ապահովել։

Զարգացած երկրներում, եթե երկիրը գրանցում է 1-2 կամ 3 տոկոսանոց աճ, դա շատ մեծ ձեռքբերում է, որովհետև իրենք եկել են այն կետին, որ իրենց արտադրական ռեսուրսներն ու պոտենցիալը, մեծ հաշվով, բավականաչափ բարձր արդյունավետություն ունեն։ Մենք այդ արդյունավետության կետին դեռ չենք հասել, և հետևաբար, պոտենցիալի տեսանկյունից՝ թե՛ 5 տարվա կտրվածքով, թե՛ որոշակի երկարաժամկետով, մենք ունենք չօգտագործված պոտենցիալ, ինչը նախադրյալ է ստեղծում, որ տարեկան գրանցենք միջինում 5% ՀՆԱ աճ, կամ տնտեսական աճ։

– Կառավարության ծրագրում նշված է անվանական նվազագույն աշխատավարձի 25% աճի ապահովման մասին: Նման բան հնարավո՞ր է։

– Ընդհանրապես, տնտեսագիտության մեջ գնալով խուսափում են «անվանական» տերմինն օգտագործելուց։ Եթե կա տնտեսական աճ, կա նաև գնաճ։ Դրանք իրար հետ ուղիղ համեմատական կապի մեջ են, որովհետև տնտեսական աճը նաև ծնում է գնաճ։ Այս տեսանկյունից «անվանական աշխատավարձ», «անվանական ՀՆԱ» տերմիններն իրենց մեջ պարունակում են գնաճի էֆեկտը և մանիպուլյացիաների տեղիք են տալիս։

Եվ եթե ուզում ենք որակական փոփոխություններ ակնկալել, պետք է խոսենք իրական ՀՆԱ-ի, կամ այս դեպքում՝ իրական աշխատավարձի մասին։ Հաջորդը՝ աղքատության կրճատումը  ենթադրում է նաև միջին խավի տեսակարար կշռի ավելացում, որի մասով, ինչպես ցույց է տալիս կառավարության ծրագիրը, արդյունավետ մեխանիզմներ չեն նախատեսվում:

– Կառավարության ծրագրում նշվում է նաև ՀՆԱ-ի մեջ արտահանման տեսակարար կշռի բարձրացման մասին, դա կար նաև նախագահի ԱԺ-ում ունեցած ելույթում: Ունե՞նք այդ հնարավորությունները։

– Ըստ ներկայացված ծրագրի՝ ակնկալվում է, որ արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ում կաճի՝ ներկայիս 30 տոկոսից դառնալով շուրջ 40 տոկոս: Այս առումով չպետք է մոռանալ, որ մեր արտահանման մեջ 26%-ը հանքահումքային նյութերն են, հաջորդը՝ ադամանդագործությունը, և այլն, օրինակ՝ հանքահումքային նյութերի, մասնավորապես՝ պղնձի պարագայում շատ կարևոր է միջազգային գինը։ Մենք հիմա աճը գրանցում ենք հիմնականում ի հաշիվ ֆիզիկական ծավալների աճի, և եթե, օրինակ՝ պղնձի շուկայում տեղի ունենան գնային բարձրացումներ, ապա այդ ցուցանիշի հասանելիությունն էականորեն կհեշտանա:

Այնուհանդերձ, իմ գնահատմամբ` կառավարության հիմնական հույսը ՀՆԱ-ի մեջ արտահանման տեսակարար կշռի ավելացման մասով ոչ թե այդ խմբի ապրանքներն են, այլ ծառայություններն են. իրենք կարծես թե ամբողջ շեշտադրումը դրել են նրա վրա, որ տուրիզմի միջոցով մոտավորապես 1.2 մլրդ դոլարանոց ներհոսքը կամ ծառայությունների արտահանումը հնարավորություն կլինի՝ շուրջ կրկնակի մեծացնել մինչև 2022թ.։ Այսինքն՝ մեծ հաշվով, շեշտը դրված է ծառայությունների ոլորտի զարգացման, և հիմնականում՝ տուրիզմի ոլորտի զարգացման վրա։

– Իսկ որո՞նք են Հայաստանի՝ որպես երկրի, մրցակցային առավելությունները։

– Կառավարության ծրագրում միայն Սփյուռքն է նշված, բայց ես կառանձնացնեի 4 հստակ տնտեսագիտական և 1 անուղղակի ազդեցության մրցակցային առավելություններ։ Առաջինը ջուրն է, որովհետև մենք ունենք բավականաչափ որակյալ ջրի պաշարներ, իսկ գաղտնիք չէ, որ 21-րդ դարը, բացի նրանից, որ էլեկտրոնային դարաշրջան է, նաև շատ լուրջ կարևորվելու է ջրային ռեսուրսների առկայությունը։ Սա մեր մրցակցային առավելությունն է, որը շատ վատ ենք օգտագործում։ Ջրային ոլորտում կորուստների գործակիցը կազմում է մոտավորապես 65%։ Արտաքին պետական պարտքի մասով խոսեցինք. տարիներ շարունակ տարբեր դրամաշնորհներ ենք վերցրել, բայց էլի կորստի գործակիցը խոսուն ցուցանիշ է, թե ինչպես է եղել այդ վարկային ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը։

Մյուս մրցակցային առավելությունը, իհարկե, Սփյուռքն է, երրորդը՝ այլընտրանքային էներգիան է, հատկապես՝ արևային էներգիան, որովհետև Հայաստանն այն երկրներից է, որտեղ կա շուրջ 300 արևային օր։ Այսինքն՝ սա ռեսուրս է, որը մեզ համար մրցակցային առավելություն է։ Ինչ-որ քայլեր այս կոնտեքստում իրականացվում են, բայց էլի կարծում եմ, որ հնարավորություն կա ավելի լավացնելու այս ուղղությամբ աշխատանքները։ Մյուսը ձեռնարկողական ունակությունն է։ Դրա վկայությունն են բազմաթիվ գործարար հաջողություններ գրանցած հայերը:

Եվ վերջինը, որն անուղղակի ու, ցավոք, բավական արագ մաշվող ակտիվ է՝ Հենրիխ Մխիթարյանն է։ Կառավարության ծրագրում զբոսաշրջությանը մեծ տեղ է հատկացված, խոսվում է Հայաստանի ճանաչելիության բարձրացման մասին, բայց վստահաբար, Հենրիխ Մխիթարյանի մի հաջող ելույթը, կամ մի գրառումը, մի արձագանքը՝ Հայաստանի վերաբերյալ, Հայաստանին շատ ավելի մեծ ճանաչելիություն է բերում, քան մեր բոլոր ծախսերը, որոնք իրականացնում ենք տարբեր զբոսաշրջային ցուցահանդեսների ժամանակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս