Բաժիններ՝

Ապագայում մարդկային ուղեղի գերբեռնվածությունից ազատվելու համար հատուկ սարքերի անհրաժեշտություն կլինի. մասնագետ

Մարդկային ուղեղը փոփոխության չի ենթարկվել ավելի քան 50 հազար տարի, սակայն այդ ժամանակահատվածում զգալիորեն փոխվել է շրջակա  միջավայրը, ինչն ապագայում կարող է հանգեցնել ուղեղի գերբեռնվածության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության 20-ամյակին նվիրված  մամուլի ասուլիսին այս մասին նշեց  հոգեֆիզիոլոգ, կենսաբանական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի առաջին ուղեղային համակարգչային ինտերֆեյսի լաբորատորիայի հիմնադիր Ալեքսանդր Կապլանը:

«Մարդու ուղեղն ամենաբարդ և ամենախորհրդավոր օբյեկտն է տիեզերքում: Ուղեղի ներկայիս ձևը գտնվել է Ֆրանսիայի Քրո-Մանյոն քարանձավում, որի տարիքը թվագրվում է 50 հազար տարի:  50 հազար տարի առաջ Քրո-Մանյոն քարանձավում ապրում էին մարդիկ, ովքեր ունեին նույն ուղեղը, ինչպիսին մենք: Եթե հնարավորություն լիներ  50 հազար տարի առաջ վերցնել երեխայի և ժամանակակից մեթոդներով դաստիարակել, նա կմեծանար սովորական ժամանակակից երեխայի նման», – ասաց Կապլանը:

Ըստ գիտնականի` խնդիրը նրանում է, որ մարդու ուղեղը հարմարեցված է այն պայմաններին, որոնք անհրաժեշտ էին 50 հազար տարի առաջ գոյատևելու համար:

Կարդացեք նաև

«Այն ժամանակ չկար ոչ համակարգիչ, ոչ հեռախոսներ, այն ժամանակ ոչ մի տեխնոլոգիա չկար: Եվ զարմանալին այն է, որ ուղեղը պահպանում է նույն կառուցվածքը 50 հազար տարվա ընթացքում, մենք իսկապես բավականին տարբեր ձևով ենք օգտագործում ուղեղը այն ժամանակ և այսօր»,- ընդգծեց հոգեֆիզիոլոգը:

Նա նշեց, որ բացի հոգեբանական էվոլյուցիայից այդ ժամանակահատվածում մարդն այլ էվոլյուցիայի չի ենթարկվել. էվոլյուցիան ինքը կարող է սահման ունենալ:

«Կարծում եմ, որ ի վերջո սահման գոյություն ունի: Մենք մի օր կզգանք այն, և, հնարավոր է, դրանով են պայմանավորված  հոգեկան և նյարդային հիվանդությունների շատ արագ աճը: Չի՞ խոսում դա այն մասին, որ ուղեղն արդեն գերբեռնված է այն միջավայրի պատճառով, որում նա ապրում է»,- ասաց Կապլանը:

«Ի՞նչը կարող է ուղեղի գերբեռնվածության պատճառ հանդիսանալ» հարցին Ռուսաստանի առաջին ուղեղային համակարգչային ինտերֆեյսի լաբորատորիայի հիմնադիրը պատասխանեց. « Տեղեկատվական չափազանց մեծ հոսքը: Մարդու ուղեղի համար անսովոր է միանգամից և ինտենսիվ մի քանի զգայարաններով տեղեկատվություն ստանալ: Մեր ուղեղը  հարմարեցված է քարանձավներում ապրող մարդու պայմաններին, որտեղ նրա զգայարանները հաջորդաբար էին ստանում  տեղեկատվություն: Մենք պետք է կարողանանք այս ամենը կառավարել»:

Ըստ գիտնականի` ժամանակակից աշխարհում ուղղակի անհրաժեշտ է լուծել ուղեղի գերբեռնվածության խնդիրը:

« Մենք մի օր ուղեղի հնարավորությունների սահմանին կարող ենք հասնել, սակայն դա լուծելի խնդիր է: Մարդկությունը տեխնոլոգիապես մեծ զարգացում է ապրել, և ամենամեծ ձեռքբերումներից մեկը նեյրոկենսաբանության ոլորտում հատուկ սարքերի միջոցով ուղեղի հետ կապի ստեղծումն է: Իհարկե, ներկայումս բժշկության մեջ գոյություն ունեն հատուկ սարքեր, որոնց միջոցով կարելի է պարզել գլխուղեղի հետ կապված այս կամ այն հիվանդությունները, սակայն դեռևս չի ստեղծվել որևէ գործիք, որը կարող է պարզել՝ ի՞նչ է մտածում մարդը , ի՞նչ մտադրություն ունի նա: Հետազոտողները հետաքրքրվել են` արդյո՞ք կա հնարավորություն ստանալ այդ տեղեկատվությունը ուղեղից և կարելի՞ է արդյոք ուղեղի աշխատանքի մի մասը տեղափոխել սարքի մեջ, որը նաև կկատարի  բանականության աշխատանքը: Այսինքն` արդյոք հնարավոր կլինի աշխատանքի բաժանում ուղեղի և սարքի միջև»,- ասաց Կապլանը:

Ըստ հոգեֆիզիոլոգի`  գիտնականները աշխատում են նաև մարդու հիշողության կառավարումը իրականություն դարձնելու ուղղությամբ:

«Ինչպե՞ս անել, որ ուղիղ ձևով կարողանանք հիշողությունը օգտագործել,  ուղեղին հրամաններ ուղարկենք և ստանանք պատասխան: Այս խնդիրը, հավանաբար, լուծվող է, և  աշխարհի գիտնականներն աշխատում են այս ուղղությամբ»,- նշեց Կապլանը:

Նա նաև նշեց, որ ստեղծվում են հատուկ սարքեր այն մարդկանց համար, ովքեր չեն կարողանում խոսել ու շարժվել, և նրանց հնարավորություն է տրվում համացանցի միջոցով շփվել:

Կարեն Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս