«Եթե Հայաստանը փորձի Արևմուտքի համար միանշանակ կարևոր դաշնակից դառնալ, դա ազգային աղետ կլինի»

Հարցազրույց ռուսաստանցի քաղաքական գործիչ, Կովկասի հարցերով փորձագետ, «Alte et Certe» վերլուծական կենտրոնի ղեկավար Անդրեյ Էպիֆանցևի հետ

– Պարոն Էպիֆանցև, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելեցին Հայաստան, ԼՂՀ և Ադրբեջան, հանդես եկան հայտարարությամբ։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ արդյունքներ կարելի է գրանցել այս այցից։

– Հույս ունեմ, որ այդ այցը կնպաստի Ղարաբաղյան հակամարտության խնդրի շուրջ իրադրության ինչ-որ չափով նորմալացմանը։ Սակայն նաև հասկանալի է, որ այդ այցը խնդրի որևէ լուծման չի հանգեցնի։ Իմ կարծիքով՝ իրավիճակն անորոշ ժամանակով կմնա նույնը, կամ անգամ կարող են վատթարացման միտումներ լինել։

– Երկու մայրաքաղաքներում համանախագահները կոչ են արել կողմերին «բարեխղճորեն և քաղաքական կամք ցուցաբերելով՝ կրկին ներգրավվել բանակցային գործընթացում»։ Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ պայմաններում է հնարավոր վերսկսել բանակցությունները։

– Բանակցություններում ներգրավվելը, իհարկե, լավ է, բայց խնդիրն այն է, որ կողմերը սկզբունքորեն շատ տարբեր կերպով են հասկանում բուն բանակցությունները և դրանց վերջնական արդյունքը։ Եվ այն, ինչ մի կողմի համար փոխզիջում է, մյուս կողմի համար բոլորովին էլ փոխզիջում չէ, յուրաքանչյուր կողմը խնդրի լուծումը տեսնում է բացառապես իր սցենարով, և այս պայմաններում բանակցություններն անիմաստ են։ Բայց յուրաքանչյուր կողմն էլ համաձայն է մասնակցել բանակցություններին՝ պայմանով, որ դրանք անպայման կավարտվեն այնպես, ինչպես ինքն է ուզում։ Իսկ իրական կյանքում այդպես չի լինում, և Ղարաբաղյան հակամարտության դեպքում նույնպես այդպես չի կարող լինել։ Այդ պատճառով ներկայումս, ցավոք, բանակցությունները ոչ մի արդյունք չեն կարող տալ։ Եվ ՄԽ համանախագահների ջանքերն ուղղված են հնարավոր պատերազմը կանխելուն։

– Բաքվում համանախագահների հանդիպումներից հետո Իլհամ Ալիևի օգնական Ալի Հասանովը հայտարարել է, որ Ադրբեջանը երբեք չի հրաժարվի տարածքային ամբողջականության սկզբունքից, շարունակում են սպառնալ պատերազմով։ Բաքվի նման կտրուկ դիրքորոշման պայմանններում ընդհանրապես ի՞նչ բանակցությունների մասին կարող է խոսք լինել։

– Այո, հենց դրա համար էլ ասում եմ, որ ո՛չ Բաքվի, ո՛չ էլ Երևանի դիրքորոշումը չի նպաստում բանակցություններին, դա անիմաստ է, յուրաքանչյուր կողմը խոսում է այն մասին, թե ինչպես մյուս կողմը կկատարի իր պայմանները։ Իսկ իրական դիվանագիտությունում այդպես չի լինում։ Ես կարծում եմ, որ առավելագույն շահավետ սցենար թե՛ Բաքվի, թե՛ Երևանի կողմից անհնար է։ Ներկայիս իրավիճակի զարգացումների մի քանի սցենար կարելի է գծել։

Առաջինը՝ միջազգային հանրությունը սկսի ճնշում գործադրել երկու կողմերի վրա, ընդգծում եմ՝ երկու կողմերի՝ և՛ Բաքվի, և՛ Երևանի վրա, նպատակ ունենալով հասնելու ինչ-որ իրական փոխզիջման, օրինակ՝ Ղարաբաղի բաժանում 2 մասի և տարածքների վերադարձ, կամ, օրինակ, Լեռնային Ղարաբաղի տարածքում նոր անկախ պետության ստեղծում՝ սեփական խորհրդարանով, սեփական բանակով, և այլն, որը բարդ է, բայց ադրբեջանցի փախստականներին պետք է իրավունք տրվի վերադառնալ իրենց բնակավայրեր, կամ գուցե մեկ այլ տարբերակ: Բայց ցանկացած դեպքում փոխզիջումը ցավոտ կլինի յուրաքանչյուր կողմի համար էլ։

Այսինքն՝ կա՛մ միջազգային հանրությունը պետք է ինչ-որ լուծում առաջարկի և ճնշում գործադրի, կա՛մ լայնամասշտաբ պատերազմը կվերսկսվի, բայց այն չի ավարտվի Ադրբեջանի հաղթանակով։ Կարծում եմ՝ Ադրբեջանին թույլ չեն տա երկար պատերազմել, կարող է ապրիլյան քառօրյայի նման մի բան լինել, Ադրբեջանն առաջ գնա մի 1000 քառ. կմ կամ զիջի դիրքերը մի 1000 քառ. կմ։ Ես սա պայմանական եմ ասում։ Այլ իրավիճակ ես չեմ կարող կանխատեսել։ Այնպես, ինչպես Երևանը չի հրաժարվի Լեռնային Ղարաբաղից, այդպես էլ Բաքուն չի հրաժարվի Լեռնային Ղարաբաղից։ Եվ բանակցությունների ներկայիս ձևաչափը փակուղային է, տանում է պատերազմի։

– Հայտարարությունում ասվում է, որ Բաքվում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մտահոգություն են հայտնել հրադադարի խախտման վերջին դեպքերի և դրանց հետևանքով՝ շփման գծում զոհերի կապակցությամբ։ Նրանք կոչ են արել Ադրբեջանի ղեկավարությանը՝ խուսափել իրադրության հետագա սրացումից։ Ի՞նչ եք կարծում՝ Բաքուն կանսա՞ այդ կոչին։

– Ո՛չ իհարկե։ Դրեք ձեզ Բաքվի տեղը։ Բանակցությունները դադարեցվել են, քանի որ դրանք ոչ մի տեղ չեն տանում, կողմերն իրական փոխզիջումների պատրաստ չեն։ Ի՞նչ կարող է անել Բաքուն, դրեք ձեզ նրանց տեղը։ Բացի այդ սադրանքներից, հարցը թեժ պահելու փորձերից, ի՞նչ կարող է անել։ Այդ սադրանքների միջոցով Բաքուն միջազգային հանրությանն ու Երևանին ցույց է տալիս, որ խնդիրը լուծված չէ։ Երևանն ասում է, որ խնդիրը լուծված է, և հարցը փակված է, իսկ Բաքուն ասում է՝ ոչ, լուծված չէ և փակված չէ։ Դրա համար այլ միջոց նա չունի. Կա՛մ մեծ պատերազմ պետք է լինի, որի համար ներկայումս պայմանները բարենպաստ չեն, և գուցե դա միակ պատճառն է, որ մեծ պատերազմ դեռ չի սկսվել, կա՛մ…

Այնպես որ՝ Ադրբեջանի իշխանությունը սեփական հանրությանը պետք է ցույց տա, որ Ղարաբաղից չի հրաժարվել, հիշում է և պատրաստ է: Եվ այն, ինչ դուք եք ասում, կամ համանախագահներն են ասել` դադարեցնել սադրանքները, դա, ըստ էության, կնշանակի՝ լիակատար համաձայնություն Երևանի պայմանների հետ: Իհարկե, նրանք դրան երբեք չեն գնա:

– Իսկ դուք համաշխարհային կենտրոններից ճնշում նկատո՞ւմ եք, որ հակամարտության ռազմական լուծումը մերժվում է:

– Ես պետական քաղաքագետ չեմ և այդ պատճառով դիվանագիտական կապանքներով սահմանափակված չեմ տեսակետ հայտնելիս: Կա համընդհանուր ընդունված դիրքորոշում, որ հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի: Բայց դա հիմարություն է: Իրական քաղաքականությունում հակամարտությունների ռազմական լուծումներ, եթե ոչ՝ միշտ, բայց հաճախ կան որոշակի պայմաններում: Տեսեք, թե քանի անգամ ԱՄՆ-ը դիմեց հակամարտության ռազմական լուծման, Ռուսաստանը նախաձեռնեց 08.08.08-ի պատերազմը, և դա լուծեց խնդիրը, եղավ որոշակի հաջողություն, բայց ոչ այնպես, ինչպես վրացական կողմը կցանկանար: Հենց նույն կերպով տեսականորեն ռազական լուծում կա նաև Ղարաբաղյան խնդրին: Թե ո՞ր կողմը կշահի, շատ դժվար է ասել, որովհետև պատերազմի ելքը կանխատեսելն անհնար է:

Բայց ճիշտ է նաև այն, որ Ադրբեջանը կարող է նպատակադրել ոչ թե վերագրավել ողջ Ղարաբաղը, այլ, եթե անգամ որոշակի առաջընթաց ունենա, դա Ադրբեջանի համար արդեն իսկ հաղթանակ կլինի, իսկ Հայաստանի համար՝ շատ մեծ պարտություն, կամ՝ հակառակը: Սակայն Ադրբեջանի համար գլխավոր խնդիրն այն է, որ ռազմաքաղաքական պայմանները նպաստավոր չեն: Հիմա բոլորը Բաքվին կկանգնեցնեն, եթե նա պատերազմ սկսի: Եվ որոշ առումով դա նրա համար լավ չի լինի: Բայց տեսականորեն կարող են լինել նաև այնպիսի պայմաններ, որոնց դեպքում դա տեղի չի ունենա:

Օրինակ` ի՞նչ կլինի, եթե վաղը Դոնալդ Թրամփը մեծ խաղ սկսի Իրանի հետ, և նրան պետք լինի Ադրբեջանի աջակցությունը: Այդ դեպքում ԱՄՆ-ը կարող է նաև չկանգնեցնել Բաքվին: Իսկ ի՞նչ կլինի, եթե վաղը նավթի գները կրկին կտրուկ թռիչք ապրեն, և Եվրոպան կախվածության մեջ ընկնի ադրբեջանական նավթից: Եվ եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, Հայաստանը, ձեր զինվորականները մշտապես ասել են, որ կթիրախավորեն նավթային հանքահորերը, բայց այդ դեպքում Հայաստանը լուրջ ճնշումների կենթարկվի: Այս ամենը դեռ թեորիա է, մտքի խաղ, բայց թե իրականում ինչպես կզարգանան գործընթացները, ոչ ոք չի կարող ասել:

– Բայց ռուս վերլուծաբաններից շատերը համոզված են, որ Ադրբեջանը չի համարձակվի խոշոր պատերազմ սկսել և կբավարարվի միայն սադրանքներով:

– Ես կարծում եմ՝ իրադրությունն այնպիսին է, որ մեծ հավանականություն կա, որ Ադրբեջանը կարող է լայնամասշտաբ պատերազմ սկսել:

– Ձեր կարծիքով` հնարավո՞ր է, որ Բաքուն հրաժարվի ԵԱՀԿ ՄԽ ձևաչափից, և այդ դեպքում ի՞նչ կլինի:

– Այսօր Բաքվին ձեռնտու է հրաժարվել այդ ֆորմատից: Այսինքն` Բաքուն շատ հստակ հասկանում է, որ Երևանի դիրքորոշումն այն է, որ բանակցությունների միջոցով հասնի Ղարաբաղի ճանաչմանը Բաքվի կողմից, ինչն անհնար է, կամ այդ բանակցությունները և ստատուս-քվոն անվերջ ձգձգել՝ մինչև մի որոշակի ժամանակաշրջան: Այդ հիմա ենք մենք մտածում, որ Բաքուն չի ճանաչի Ղարաբաղը, բայց կարող է 5-50 տարի հետո իրավիճակն այնպես փոխվել, որ ոչինչ չբացառվի:

Եվ Բաքուն դա հիանալի հասկանում է, նաև հոգնել է բանակցություններից: 20 տարի անվերջ բանակցել ոչ մի բանի մասին` վստահության ձևավորման ռազմավարության մոտեցումների մասին, որ հետո միայն անցում կատարվի բանակցություններին, դա ոչ մի բան է: Բայց տեխնոլոգիապես Բաքվի համար այսօր, հատկապես ապրիլյան պատերազմից հետո, անիմաստ է, այնքան էլ լավ չէ բանակցություններից դուրս գալը:

Եթե ես լինեի Ալիևի փոխարեն, ես կսպասեի մի որոշ ժամանակ, գուցե կես տարի, կամ մեկ տարի, ես կմասնակցեի բանակցություններին, հետո ցույց կտայի, որ Երևանի հետ հնարավոր չէ համաձայնության գալ բանակցային սեղանի շուրջ, այսինքն` միակ ելքը պատերազմն է, և դա որպես գործիք օգտագործել Մինսկի խմբի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի ՄԽ-ն էլ իր հերթին՝ ճնշի Հայաստանին` փոխզիջումների հասնելու համար: Նկատի ունեցեք, որ սա իմ դիրքորոշումը չէ, սա ադրբեջանցի քաղաքագետների տեսակետն է:

Այսինքն՝ այժմ Ադրբեջանի համար անիմաստ է և լավ չէ բանակցություններից դուրս գալը: Բաքուն դեռ կսպասի որոշ ժամանակ, հետո կփորձի փոխել բանակցությունների ձևաչափը: Դրա համար մի տարբերակ կա: Այսօր Ադրբեջանին բոլորովին ձեռնտու չէ Մինսկի խումբը, դրա կազմը: Տարիներ առաջ Մինսկի խումբը լավագույն ձևով է ձևավորվել Հայաստանի համար, և ամենավատ ձևով՝ Ադրբեջանի համար:

ՄԽ համանախագահներն են Ռուսաստանը, որը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, հատուկ կարգավիճակով, մի շարք պայմանագրեր կան, և այլն, և Ֆրանսիան ու ԱՄՆ-ը` այն երկրները, որտեղ ապրում է ամենամեծ հայկական սփյուռքը, որը զգալի քանակությամբ ընտրողներ են, որոնց հետ հաշվի են նստում քաղաքական գործիչները, դա հսկայական լոբբիստական ուժ է: Դա հիմա է, որ Թրամփի օրոք հայկական սփյուռքի լոբբիստական ազդեցությունը մի քիչ թուլացել է, իսկ Քլինթոնի ժամանակ հայերն այնտեղ ունեին կոնգրեսականներ, սենատորներ, նահանգապետ, և այլն: Ֆրանսիայում նույնն է, տեսեք, օրինակ, Ֆրանսիայի դիրքորոշումը Ցեղասպանության հարցում:

Եվ այս երեք երկրները ՄԽ համանախագահներ են: Իսկ ՄԽ անդամ է նաև Թուրքիան, որը ոչինչ չի անում այնտեղ: Թուրքիան, հասկանալի է, Բաքվի կողմնակիցն է: Շուրջ կես տարի առաջ ես հատուկ ուսումնասիրեցի, թե ինչ նախաձեռնություններով է Թուրքիան այնտեղ հանդես եկել, միակը, որ գտա` ՄԽ հաջորդ հանդիպումը կազմակերպել Անկարայում, որը, ըստ էության, ոչինչ է: Ադրբեջանը, իհարկե, կցանկանար, որ ՄԽ համանախագահների կազմը փոխվի, և Թուրքիան մտնի դրա մեջ:

Ռուսաստանը, հաշվի առնելով այսօր ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացումը, տեսականորեն դրան հրապարակայնորեն դեմ չի արտահայտվի: Եվ այդ դեպքում բալանսը կփոխվի, Հայաստանն այլևս չի լինի այսպիսի հարմարավետ վիճակում:

– Բայց Հայաստանը չի համաձայնի դրան: Եվ ինչո՞ւ Ղարաբաղի անկախության ճանաչումը միջազգային հանրության կողմից չեք դիտարկում՝ որպես ելք ներկայիս փակուղային իրադրությունից:

– Դա ընդհանրապես անհնար է: Որևէ երկրի անկախություն պետությունները ճանաչում են այն ժամանակ, երբ ստեղծվում է շատ հզոր ալիք, և, երբ այդ ճանաչումը կենսական կարևոր է հենց տվյալ պետությունների համար: Օրինակ` նախկին Հարավսլավիայի ճանաչումն ինչպես եղավ: Խորվաթիան Թուրքիայի պատմական դաշնակիցն է, և գերմանացիները նրանց ճանաչեցին հենց հաջորդ օրը, որովհետև աջակցում էին բալկանյան երկրի դուրս գալուն խորհրդային իշխանությունից: Նման նպաստավոր իրավիճակ Ղարաբաղի համար չի դիտարկվում ոչ մի կողմից: Ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը որևէ նշանակալի պետության համար այդքան կարևոր գործընկեր չեն: Իսկ դրանք պետք է լինեն ազդեցիկ պետություններ, այլապես, եթե Ղարաբաղը ճանաչեն ոչ ազդեցիկ երկրները, դա այդքան էլ կարևոր չի լինի:

Օրինակ` Աբխազիան և Հարավային Օսիան, բացի Ռուսաստանից, ճանաչել են փոքր պետություններ, որը ոչինչ չի փոխում: Կարևոր են առաջին էշելոնի պետությունները, որոնց համար ո՛չ Ղարաբաղն է այդքան կարևոր հարց, ո՛չ տարածաշրջանն է ծայրաստիճան կարևոր, որ նրանք ավելի շատ ջանք թափեն: Այսօր միջազգային հանրության ուշադրության կենտրոնում Եվրոպայում ահաբեկչություններն են, Սիրիան է, Իրաքը, իրադրությունը Մերձավոր Արևելքում:

Եվ Լեռնային Ղարաբաղի հարցը հեռանում է ուշադրության կենտրոնից: Բացի դա, հավասարության քաղաքականությունը Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ, որ որդեգրել են միջազգային ատյանները, չի նպաստում, որ որևէ երկիր ճանաչի Ղարաբաղը: Եթե Հայաստանը փորձի Արևմուտքի համար միանշանակ կարևոր դաշնակից դառնալ, ինչպես այժմ անում է Ուկրաինան, դա ազգային աղետ կլինի, քանի որ Ռուսաստանի համար դա անընդունելի կլինի: Եվ՝ հակառակը:

Այսինքն` Հայաստանը վարում է համեմատաբար բալանսավորված քաղաքականություն, և հենց դա էլ թույլ չի տա, որ Լեռնային Ղարաբաղը ճանաչեն այլ պետություններ: Իսկ Հայաստանի կողմից ԼՂ ճանաչումը ոչինչ չի փոխի: Այդ պատճառով ես ճանաչման հեռանկար չեմ տեսնում: Եթե նայեք Ցեղասպանության ճանաչման հարցը, նման իրավիճակ է:

Թեև առանձին քաղաքներ ու նահանգներ ճանաչել են Ցեղասպանությունը, բայց դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ հայկական լոբբիստներն են աշխատում վերին օղակներում, և ստեղծվում է իրավիճակ, երբ նախ` կարող են ճանաչել, և երկրորդ` հասկանում են, որ դա ոչ մի պատասխանատվություն չի ենթադրում: Եվ եթե որևէ պետություն ճանաչի ԼՂ-ն, դա շատ լուրջ հետևանքներ կունենա:

Տեսանյութեր

Լրահոս