«Անկախ նրանից, թե 2018թ. ով կլինի վարչապետ, անկախ վարչապետի անձից, դուք գործ կունենաք…». Էդուարդ Շարմազանով

«Կառավարությունը, որի քաղաքական պատասխանատուն ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն են, ներկայացրել է այս ծրագիրը, որը մենք մանրամասն քննարկել ենք թե՛ մեր հարազատ ՀՀԿ-ում, թե՛ մեր կոալիցիոն գործընկերների հետ»,- այսօր ԱԺ-ում այս մասին հայտարարեց խորհրդարանի փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ այսօր մենք ունենք արտաքին ու ներքին բազմաթիվ մարտահրավերներ, և ըստ նրա՝ կառավարության ներկայացրած ծավալուն փաստաթղթի մեջ հստակ ներկայացված են այդ մարտահրավերներին դիմակայելու ուղիները։

«Մենք ունենք մի հանրապետություն, որը 17%-անոց թոքերով է շնչում. մեր սահմանների 83%-ը փակ է։ Մենք շրջափակման մեջ ենք, ունենք անվտանգության խնդիրներ, և դրան էլ գումարվում է ահաբեկչության մարտահրավերը։ Հայաստանից մինչև Սիրիա ընդամենը մի քանի հարյուր կիլոմետր է։ Մենք՝ որպես քաղաքական իշխանություն, պարտավոր ենք բոլոր բացասական սցենարները նայել։ Թիվ մեկ հարցը ՀՀ-ի և ԱՀ-ի անվտանգությունն է։ Դա ներառված է ծրագրում։ Եվ պատահական չէ, որ ՀՀԿ-ն ընտրությունների գնաց «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսով։ Առանց անվտանգության կայուն և մրցունակ համակարգի՝ մենք չենք կարող լուծել ո՛չ տնտեսական, ո՛չ սոցիալական, ո՛չ ժողովրդավարական խնդիրներ։ Այդ առումով, այո, դեռ երկար ժամանակ ՀՀ-ի համար առանցքային խնդիրը պետք է լինի անվտանգության մրցունակ և կայուն համակարգ ունենալը»,- ասաց Շարմազանովը։

Նա նշեց, որ Արցախի խնդրի լուծման մասին կառավարության ծրագրում թեև մեկ տողով է գրված, բայց ըստ նրա՝ շատ դիպուկ է. «Ուղիներն էլ են նշված։ Դուք գիտեք, որ կա 3 սկզբունք՝ տարածքային ամբողջականություն, ուժի չկիրառում, ինքնորոշման իրավունք։ Այս ծրագրում կառավարությունը հստակ նշել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ Քաղաքական իշխանությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ Արցախի կարգավիճակը, Արցախի ժողովրդի ապագան նախ և առաջ պետք է որոշի Արցախի բնակչությունը։ ՀՀ-ն՝ որպես Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավոր, ջանք չի խնայելու, որ բանակցությունների միջոցով հասնենք ԱՀ-ի դե յուրե միջազգային ճանաչման, նաև՝ հզորացնելով մեր մարտունակությունը՝ պահպանենք մեր քույրերի և եղբայրների անվտանգությունը»։

Նա նշեց, որ Հայաստանի հարաբերությունները պետք է շարունակեն խորանալ ՌԴ-ի հետ, միևնույն ժամանակ, նաև՝ ԵՄ-ի հետ. «Դա, իհարկե, հնարավոր է, և արդեն նախաստորագրված փաստաթուղթը դրա ապացույցն է»։

Վերջում հավելեց. «Քանի որ իմ ընդդիմադիր գործընկերներին շատ է հետաքրքրում 2018թ. իշխանության ճակատագիրը, պետք է ասեմ, որ մենք արդեն խորհրդարանական հանրապետություն ենք, և 2017թ. ժողովրդի մեծամասնությունն իր վստահության քվեն տվել է քաղաքական կոալիցիոն ուժերին՝ ՀՀԿ-ին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, և ՀՅԴ-ին։ Հետևաբար, անկախ նրանից, թե 2018թ. ով կլինի վարչապետ, անկախ վարչապետի անձից, դուք գործ կունենաք մեր կուսակցության հետ՝ նախագահ Սարգսյանի գլխավորությամբ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930