«Ինչքան ինֆարկտ եղավ, գյուղնախարարն ա պատասխան տալու. գյուղացու վիճակն էն չի, այ ցավդ տանեմ». Սեյրան Սարոյանը՝ վարչապետին
Ազգային ժողովում այսօր քննարկվում է Կառավարության ծրագիրը: Ծրագիրը ներկայացնող վարչապետ Կարեն Կարապետյանին առաջինը հարց ուղղեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորՍեյրան Սարոյանը: Նա բարձրաձայնեց կարկուտից տուժած Արմավիրի մարզի բնակիչների խնդիրը:
«Ես մի խնդրանք ունեմ։ Տեսաք՝ էջմիածնում կարուտն ինչ արեց: Մոտ տասնմեկ գյուղի համայքներ ավիրեց: Յոթ գյուղ, որ «վաբշե» ամեն ինչից զրկված է: Գիտեմ՝ տվել եք հրաման, որ հաշվարկները նորմալ անեն, շնորհակալություն դրա համար։ Մինակ շուտ, որ մի բանով կարողանանք օգնենք գյուղացուն, որ էս վիճակից հանենք: Յոթը գյուղի կեսը հաստատ կթողնի կգնա Ռուսաստաններ։ Գիդենք, որ մեր գյուղացին էն վիճակում ա, որ էլ վկա էլ չկա, որ կանգնեն վարկ վերցնեն, սաղ իրար վկա են:
Մեկը մեկի տեղ պետք ա երաշխավորի, որ բանկերը փող տան։ Թուրքից բեթար ա էդ կարկուտը: Հիմա թուրքի դեմ կարում ենք պայքարենք, կարկուտի դեմ չենք կարում։ Պետք ա օգնենք ժողովրդին, կամ էլ մտածենք ուժեղ թնդանոթներ դնենք: Ոնց որ կռիվ գնաս, ավտոմատի փոխարեն՝ «պիստալետ» վերցնենք ձեռներս: Հիմա, որ իրանց բերքը չի հասել իրանց, կարան ամեն ինչ մտածեն։ Գյուղնախարարը թող մեկ-մեկ գա գյուղեր, տեսնի՝ ինչ ա կատարվում: Ինչքան ինֆարկտ եղավ, գյուղնախարարն ա պատասխան տալու էդ ժողովրդի համար, որովհետև գյուղացու վիճակն էն չի, այ ցավդ տանեմ»,- ասաց Սարոյանը:
Վարչապետը պատասխանեց, որ երեկ խորհրդակցություն է տեղի ունեցել և շուտով կհայտարարեն տրվող օգնության մասին. «Խորհրդակցությունը եղել է գյուղնախարարի, սոցիալական հարցերով նախարարի, մարզպետի հետ, խոսել ենք Կենտրոնական բանկի հետ, և կարծում եմ, որ այն առաջարկությունը, որ անելու ենք, ընդունելի է լինելու մեր քաղաքացիների համար։ Ինչ վերաբերում է աղետների դեմ պայքարին, այս պահին մենք իրականցնում ենք պիլոտային ծրագիր, որով հակակարկտային համակարգը ուզում ենք դարձնել հրթիռային, որի ՕԳԳ-ն շատ ավելի բարձր է, կանխատեսում է ու մինչև բնակավայր հասնելը չեզոքացնում է այդ հնարավորությունները։
Պիլոտային ծրագրի իրականացման դեպքում, եթե լինի էֆեկտիվ, ապա այդ ռադիոլոկացիոն համակարգը և ընդհանրապես ամբողջ հանրապետության ռիսկային գոտիները փակելով՝ մենք հաշվարկել ենք, որ պետք է 12 մլն դոլարի ներդրում։ Մենք վստահ ենք, որ պիլոտային համակարգի հաջողակ լինելու դեպքում, մենք «պրինցիպիալ» կվերացնենք կախվածությունն աղետներից և մեր գյուղացու կյանքը կհեշտացնենք։
Բացի դրանից, մենք գյուղոլորտում ցանցային համակարգի պրակտիկան ենք ուզում ներդնել, որտեղ դա կտա էֆեկտ։ Ավելին, կաթիլային համակարգ, ինտենսիվ այգի, ցանցային համակագի անցնող գյուղացու վարկային տոկոսի գերիշխող մասը ֆինանսավորելու ենք մենք։ Ինչպես նաև՝ լիզինգի, գյուղտեխնիկայի անցնելու դեպքում»։