«Ադրբեջանական կողմը պահպանում է սպառնալիքի ներգործությունը և պարծենում է «սպանված թշնամիներով»»

Եվրախորհրդարանի՝ Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Ֆրանկ Էնգելն անհրաժեշտ է համարում Արցախի և Ադրբեջանի շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրումը: Նա «Արմենպրես»-ի հետ զրույցում հույս է հայտնում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկել են դրա անհրաժեշտությունը: Եվրոպացի պատգամավորը համանախագահների՝ հունիսի 19-ի հայտարարության մեջ նորություն չի տեսնում:

«Չեմ կարծում, որ այդտեղ շատ նորություն կա, առնվազն իրերի տեսանելի կողմում: Ադրբեջանական կողմը պահպանում է սպառնալիքի ներգործությունը և պարծենում է «սպանված թշնամիներով»: Նրանք մնում են իրենց այն տրամաբանությանը, որ պետք է ի ցույց դնել վնասելու ու կորուստներ պատճառելու կարողությունը: Ես համոզված եմ, որ շփման գծում հետաքննության մեխանիզմը շտապ պետք է ներդրվի: Ես հույս ունեմ, որ համանախագահները պնդում են դրա անհրաժեշտությունն Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկումների ժամանակ»,-ասաց Ֆրանկ Էնգելը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը հունիսին տարածաշրջան կատարած այցի արդյունքներով հայտարարություն են տարածել: Համանախագահները հանդիպել են Երևանում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի (հունիսի 10) և Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի (հունիսի 19) հետ: Երկու մայրաքաղաքներում էլ նրանք խորհրդակցություններ ունեցան արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների հետ: Բաքվի իրենց բանակցությունների ժամանակ համանախագահները խորը մտահոգություն են հայտնել հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերի առնչությամբ, որոնք Ադրբեջան կատարելիք իրենց այցի նախօրեին շփման գծում կորուստների պատճառ են դարձել: Նրանք դիմել են Ադրբեջանի ղեկավարությանը՝ խուսափելու հետագա լարումից:

Տեսանյութեր

Լրահոս