«Եթե մեր աջակցությունն այլևս ցանկալի չէ, մենք չենք պարտադրի մեր ներկայությունը». Սվիտալսկու պատասխանը՝ ՀՀԿ-ականների մեղադրանքներին

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ նաև ընտրությունների մասին իր վերջին գնահատականից հետո իշխանական թևի արձագանքներին։ Մասնավորապես, լրագրողները հիշեցրին, որ Սվիտալսկու գնահատականի վերաբերյալ Դավիթ Հարությունյանն ասել էր, թե ՀՀ-ի ներքին գործերին չպետք է խառնվեն, Տիգրան Մուկուչյանն էլ ասել էր՝ «ազնիվ եղեք գնահատականներում և գույները մի խտացրեք»: Ապա լրագրողները հարց ուղղեցին՝ հաշվի առնելով, որ ընտրությունների համար ԵՄ-ն ավելի քան 7 մլն եվրո ֆինանսավորում է տրամադրել, այս արձագանքները դեսպանն ինչպե՞ս է ընկալում, ստացվում է, որ իշխանություններն ասում են՝ փողը տվեք ու մի՞ խոսեք, մի՞ խառնվեք:

Ի պատասխան՝ դեսպանը նախ՝ շնորհակալություն հայտնեց ՀՀ քաղաքացիներին, որոնք այս օրերին զանգահարել ու իրենց աջակցությունն են հայտնել ԵՄ երևանյան գրասենյակին.

«Վերջին օրերին այնքան շատ զանգեր ենք ստացել, և մենք իսկապես հասկանում ենք, որ կան շատ մարդիկ Հայաստանում, որոնք հավատում են՝ ԵՄ-ն լավ գործ է անում Հայաստանում։ Երբեմն սրանք բավականին զգայուն դեպքեր էին, մարդիկ զանգահարում էին մեր գրասենյակ՝ արտահայտելով իրենց աջակցությունը մեր ասածների վերաբերյալ։ Սովորաբար հայերը զանգահարում են մեզ, որպեսզի աջակցություն խնդրեն, բայց այս անգամ նրանք էին մեզ աջակցում։ Սա մոտիվացիա է մեր աշխատանքի համար, այսպիսի աջակցությունը սովորական հայ քաղաքացիների կողմից մեծ խթան է մեզ համար։

Իհարկե, մենք ընդունում ենք, որ կան որոշ մարդիկ, որոնք չեն ցանկանում հասկանալ, թե ինչ ենք մենք ցանկանում ասել և ինչ ենք ցանկանում անել, բայց, այնուամենայնիվ, մեզ համար ամենակարևորը համերաշխության այս արտահայտությունն է, որը դրսևորեցին հազարավոր քաղաքացիներ։ Մենք ուզում ենք, որ ՀՀ քաղաքացիներն ավելի շատ զգան մեր աշխատանքի ազդեցությունը, որ ավելի շատ օգուտ ստանան նրանից, ինչ մենք կարող ենք առաջարկել Հայաստանին զարգացման տեսանկյունից»։

Կարդացեք նաև

Ապա դեսպանը նկատեց, որ չի եկել մասնակցելու հանրային քննարկման, դա իր աշխատանքը չէ, բայց, ըստ նրա՝ դրական է, երբ արտաքին դիտորդը տեսնում է, որ Հայաստանում ներգրավված են կառուցողական քննարկման մեջ.

«Հետևաբար՝ այս առումով մենք միշտ դրական տրամադրված կլինենք, երբ տեսնենք լայն հանրային քննարկումներ և բանավեճեր Հայաստանում, որոնք ծավալվում են առանցքային խնդիրների շուրջ։ Այս բանավեճերում ու քննարկումներում կարևորն այն է, որ մենք հետևենք որոշակի տարրական կանոնների. առաջին՝ նախքան ինչ-որ մեկի վրա հարձակվելը՝ ստուգեք, թե նա ինչ է ասել, ստուգեք աղբյուրը, լսեք ձայնագրությունը, դիտեք տեսագրությունը և մտածեք՝ նախքան հապշտապ եզրակացություններ անելը։ Երկրորդ՝ հարգեք ձեր խոսակցին։ Սա կլինի իմ խորհուրդն ու առաջարկը հայերին, որովհետև հայերը պետք է որոշեն, թե ինչ թեմաներ են քննարկվում, որոնք պետք է ազդեն իրենց ապագայի վրա»։

Ինչ վերաբերում է իր դերին, դեսպանն ասաց, որ չի հաղորդել և չի հաղորդի ուղերձներ իշխանավորներին՝ հանրային հայտարարությունների միջոցով. «Մենք շատ լավ աշխատանքային հարաբերություններ ունենք, լավ հաղորդակցման միջոցներ և ալիքներ ունենք, և ես գնահատում եմ դա։ Ես մասնագիտական տեսանկյունից բավարարված դիվանագետ եմ, որովհետև կարող եմ շատ ուղղակի անկեղծ և ազնիվ երկխոսության մեջ մտնել իշխանությունների և այլ շահագրգիռ կողմերի հետ։ Ինձ համար հանրային հայտարարությունների կարիք չկա, որպեսզի ուղերձներ տեղ հասցնեմ։ Հանրային հայտարարությունները հասարակությանը տեղեկացնելու համար է, թե ինչ ենք մենք անում ու մտածում՝ որպես ԵՄ։ Ոչ մի գնահատական, կարծիք, տեսակետ, որն իմ կողմից արտահայտվել է հանրային միջոցառումների ընթացքում, այդ թվում՝ նաև այսօր, անհայտ չէ իմ խոսակիցներին՝ համապատասխան և կոմպետենտ իշխանություն ներկայացնող մարմիններում»։

Իսկ ընտրությունների վերաբերյալ նա հիշեցրեց, որ ԵՄ-ն տրամադրել է շատ մեծ և զգալի ֆինանսական աջակցություն՝ ավելի քան 7 մլն եվրո. «Առանց ԵՄ և որոշ անդամ պետությունների կողմից այսպիսի մասնակցության՝ նոր տեխնոլոգիաների օգտագործումը չէր իրականանա։ Բայց գաղտնիք չէ, որ մեր աջակցությունն ընտրական գործընթացին շատ ավելին էր, քան ֆինանսավորումը, տեխնիկական միջոցների տրամադրումը։ Գուցե չափազանց վաղ է դրա մասին խոսել հանրային հարթակներում, բայց ես կարծում եմ, որ այս ֆինանսական չափումն ամենաքիչ կարևորն էր մեր կողմից բերված նպաստին, որ մենք բերեցինք՝ Հայաստանի ընտրություններն ավելի լավը դարձնելու, քան նախկինում էր։

Այստեղ կցանկանայի շեշտել, որ մենք դա արեցինք Հայաստանի իշխանությունների բացահայտ խնդրանքի հիման վրա։ Մենք երբեք չենք փորձել ստիպել մեր կամքը։ Եվ եթե մեր աջակցությունն այլևս ցանկալի չէ, մենք չենք ստիպի, չենք պարտադրի մեր ներկայությունը։ Մենք կարծում ենք, որ այն, ինչ արել ենք Հայաստանի համար, դրական էր, և, որ մեր աջակցության շնորհիվ էր, որ որոշակի բարելավումներ հնարավոր դարձան։ Նույնիսկ խորը հիասթափված մարդիկ չեն կարող ժխտել, որ այն, ինչ մենք ենք արել, դրական չէր: այլ հակառակը։

Հետևաբար՝ մենք պատրաստ ենք շարունակել մեր աջակցությունը, բայց եթե կան թերահավատություններ, կարծիքներ, որ սա այնքան էլ ցանկալի չէ, մենք մեծապես հարգում ենք հայաստանցիների սուվերեն ընտրությունը՝ ոչ մի բան ձեր կամքին դեմ, սիրելի ընկերներ։ Դա արվել էր բարեկամական և սիրալիր  ու կառուցողական տրամադրության ոգով։ Այն, ինչ ասվել է, հաղորդվել է նաև նախորդ հայտարարություններում, աշխատանքային շփումներում, դիտորդների պաշտոնական գնահատականներում»։

Դեսպանն ընդգծեց՝ խնդիրներ կան, որտեղ իրենք՝ որպես ԵՄ, ունեն ոչ  միայն իրավունք, այլև պարտականություն՝ խոսելու, բարձրաձայնելու, և իրենք դա անում են, որովհետև իրենց հայ գործընկերներն ընդունել են որոշակի պայմանավորվածություններ. «Հարցերից մի քանիսը, օրինակ՝ կոռուպցիայի դեմ պայքարը և այլ խնդիրներ, բխում են ֆինանսավորման համաձայնագրերից, որոնք կնքվել են ՀՀ-ի ու ԵՄ-ի միջև։ Երբ դուք ունեք պայմանագրային պայմանավորվածություններ, օրինակ՝ հիմնելու հակակոռուպցիոն մարմին, դա միայն մեր իրավունքը չէ՝ որպես պայմանագրի կողմ, դա իմ պարտավորությունն է։ Այսպես է աշխատում մեխանիզմը»։

Նա նշեց, որ կասկածում է, թե  որոշ քաղաքական գործիչներ անտեղյակությունից կամ չարակամությունից ՀՀ-ում կասեն՝ ինչպե՞ս թե ԵՄ-ն խոսում է մի բանի մասին, որ մեր ներքին գործն է, մեր ազգային գործն է. «Լա՛վ, է՛լի, դուք էիք այդպես ուզում: Դա պարտավորություն ու պատասխանատվություն է, որ մենք զգում ենք»:

 

Տեսանյութեր

Լրահոս