Տաջիկստանի նախագահը ԼՂ հակամարտության կարգավորման ամենակառուցողական ճանապարհ համարում է բանակցությունները

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ամենակառուցողական ճանապարհը բանակցություններն են: Այս մասին ասաց Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո ԶԼՄ-­ների առջև արված հայտարարության ժամանակ: «Տարածաշրջանային խնդիրների քննարկման ընթացքում մենք մտքեր ենք փոխանակել Աֆղանստանի հիմնախնդրի վերաբերյալ, մեր մտահոգությունն ենք հայտնել տարածաշրջանի որոշ երկրներում ընթացող գործընթացների վատթարացման վերաբերյալ: Ելնելով մեր խաղաղապահ փորձից՝ մենք համերաշխություն ենք հայտնում առկա հակասությունների և հակամարտությունների կարգավորման խաղաղ սկզբունքներին՝ համընդհանուր միջազգային նորմերի շրջանակներում: Մեր համոզմամբ Լեռնային Ղարաբաղի նման բարդ հակամարտության լուծման ամենակառուցողական ճանապարհը բանակցություններն են»,- նշեց Ռահմոնը:

Տաջիկստանի նախագահը հավելեց, որ ՀՀ Նախագահի հետ մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի արդիական մի շարք հարցերի վերաբերյալ: «Մեր ուշադրության կենտրոնում եղել են տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդումը: Մենք քննարկել ենք այս ուղղությամբ երկկողմ համագործակցության հեռանկարները ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-­ի, ԱՊՀ­-ի, ՀԱՊԿ­-ի շրջանակներում և այլ բազմակողմ միություններում: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ամրապնդել համագործակցությունը գլոբալ սպառնալիքների, ահաբեկչության, ծայրահեղականության, թմրամիջոցների մաքսանենգ ճանապարհով տեղափոխման և կազմակերպված հանցավորության այլ տեսակների դեմ պայքարում»,­- եզրափակեց նա:

Տեսանյութեր

Լրահոս