«Համայնքների խոշորացումը սարքել եք «բոբո». ի՞նչ կա դրա մեջ, որ վախենում եք». Ներսես Շադունց
Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցն ասաց, որ իրենց համայնքը խոշորացվել է 6 ամիս առաջ, ու այդ ընթացքում կարողացել են 7 բնակավայրից 5-ում կանոնավոր աղբահանություն կազմակերպել, վերանորոգել 3 մանկապարտեզ, որոնք վերջին 20 տարվա ընթացքում չեն վերանորոգվել։
«Խնածախ գյուղում աշխատողների կրճատման հաշվին բացել ենք մանկապարտեզ, որի արդյունքում 6 աշխատատեղ է ավելացել, ու 25 երեխա է այցելում։ Կրճատել եմ գրադարանավարի հաստիք, մշակույթի ակումբի ղեկավարի հաստիք ու դրա փոխարեն՝ 6 աշխատատեղ բացել։ Խնածախը 200 տարուց ավելի խմելու ջուր չի ունեցել, հիմա ապահովել ենք ջրով։ Ու թեև այդտեղ երկար ժամանակ խմելու ջուր չի եղել, հիմա եթե հանկարծ 2 օր ջուր չլինի, որոշ բնակիչներ դիմում են մարդու իրավունքների պաշտպանին»,- նշեց նա։
Նա ասաց, որ նախկինում էլ է համայնքի ղեկավար եղել, հիմա էլ, և ըստ Շադունցի՝ պետք չէ խոշորացումից այդքան շատ վախենալ. «Խնածախ համայնքում արտագաղթ էլ կար, մի երկու հոգի աշխատատեղ ուներ, այդ մի երկու հոգու աշխատատեղը կրճատվեց, դրա փոխարեն՝ նոր 6 աշխատատեղ բացվեց, մենք մշակույթի տան տանիքը վերանորոգեցինք, փողոցները խճապատեցինք։ Եթե Խնածախը չխոշորանար, համաներդրման խնդիրը չէր կարող լուծել։ Խոշորացումը սարքել եք «բոբո», բոլորը վախենում են, ի՞նչ կա դրա մեջ, որ վախենում եք»։
«Համայնքների ֆինանսիստների միավորում» կազմակերպության նախագահ Վահան Մովսիսյանն էլ նկատեց՝ վարչատարածքային ռեֆորմը տպավորություն է առաջացրել, թե պետք է լինի դեղը բոլոր հիվանդությունների ու ցավերի դեմ.
«Բայց հիասթափեցնեմ, դա բոլոր հիվանդությունների դեղը չէ, որովհետև բնակչի կյանքը կապված է նաև այլ գործոնների հետ։ Վարչատարածքային բաժանումը կառավարման գործիք է, այն, իհարկե, կտա իր դրական արդյունքները, բայց չի կարելի ասել, թե դրանից հետո ամեն ինչ կփոխվի։ Եթե կա մի գործիք, որ կարող է 5 ամսում Հայաստանի գյուղերի կյանքը փոխել, բարելավել, ապա ասեք՝ մենք այն կիրառենք»։