«Բարսելոնան» Հայաստանում կունենա պաշտոնական ֆան-ակումբ. առաջինը՝ Հայաստանում, երկրորդը՝ ԱՊՀ-ում
Կատալոնական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը (ՖԱ) Հայաստանում կունենա երկրպագուների պաշտոնական ֆան-ակումբ: Այս մասին 2016 թվականի դեկտեմբերին հայտնել էր սպորտային լրագրող Սպարտակ Պետրոսյանը, ով լինելու է պաշտոնական ֆան-ակումբի նախագահը:
«Մոտ կես տարվա երկարատև բանակցություններից հետո ՖԱ «Բարսելոնան» հաստատեց մեր ներկայացրած հայտը՝ ԱՊՀ տարածքում երկրորդ պաշտոնական ֆան-ակումբը բացելու վերաբերյալ:
Այն Բարսամաններին հնարավորություն կտա դառնալ «Բարսելոնայի» պաշտոնական անդամ, մասնակցել բազմաթիվ միջոցառումների՝ թե՛ Բարսելոնայում, թե՛ Հայաստանի տարածքում: Յուրաքանչյուր անդամ կունենա իր սեփական քարտը՝ ուղարկված Կատալոնիայի մայրաքաղաքից, որի միջոցով կօգտվի բազմաթիվ զեղչերից, ակցիաներից»,- գրել էր Սպարտակը:
168.am-ի հետ զրույցում Սպարտակ Պետրոսյանը նշում է, որ պաշտոնական ֆան-ակումբ հիմնելու գործընթացը սկսվել է մոտ մեկ տարի առաջ՝ հուլիսի 4-ին:
«Գործընթացը բաղկացած էր 7-8 փուլերից, որոնք հերթականությամբ անցել ենք: Ընթացքում ոչ մի բարդություն գրեթե չի առաջացել: Այս կամ մյուս ամիս Բարսելոնայում կլինի ժողով, ինչից հետո մենք կստանանք պաշտոնական կարգավիճակ»,- ասաց նա:
«Պենյա Բլաուգրանա Երևանը» կլինի «Բարսելոնայի» առաջին պաշտոնական ֆան-ակումբը Հայաստանում, երկրորդը՝ ԱՊՀ ողջ տարածքում: «Պենյա Բլաուգրանա Երևանը» հանդիսանում է շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն, որը ներկայացնում է «Բարսելոնան» Հայաստանի Հանրապետության տարածքում:
«Պաշտոնական դառնալուց հետո պետք է նվազագույնը 70 հոգու անձնական տվյալներ ու անդամավճարներ ուղարկենք: Ակումբի կանոնադրությամբ հաստատված է, որ 1 միլիոնից ավելի բնակչություն ունեցող քաղաքից նվազագույնը 70 մարդ պետք է լինի ակումբում: Մեր շարքերում արդեն կա 150 հոգի»:
Ֆան ակումբը նպատակ ունի համախմբել Հայստանում ապրող՝ «Բարսելոնայի» բոլոր երկրպագուներին: Ունենալով լիազորություն կատալոնական ակումբի կողմից՝ «Պենյա Բլաուգրանա Երևանը» սկիզբ է դնում մի շարք միջոցառումների կազմակերպմանը: Դրանց թվում են բազմազան մրցույթները, համատեղ դիտումները, թրեյնինգները, սեմինարները, ֆուտբոլային մրցաշարերի մասնակցելը:
«Քանի որ հուլիսին քիչ ժամանակ ենք ունենալու, քիչ հայտ ենք ուղարկելու: Հույս ունենք բազմաթիվ միջոցառումների, ակցիաների շնորհիվ՝ հունվարին արդեն «Բարսելոնա» ուղարկել գոնե 500 հոգու անուն: Բազմաթիվ նախագծերի ու միջոցառումների մասին արդեն մտածել ենք, նոր պրոյեկտներ ու հիանալի մտքեր ենք իրագործելու, բայց փակագծերը դեռ չենք բացի»,- պատմում է Սպարտակը:
Ֆան-ակումբի հիմնադիրները նշում են, որ ֆան-ակումբի անդամները կստանան հատուկ քարտեր՝ ուղարկված Բարսելոնայից, որոնք հնարավորություն կտան օգտվել զեղչերի ճկուն համակարգից թե՛ ակումբի ծառայություններից, թե՛ Հայաստանի տարածքում գործող սպորտային խանութներից, բարերից, արագ սննդի կետերից ու առևտրի կենտրոններից օգտվելիս:
Ֆան-ակումբում նշում են, որ իրենք հետևելու են իրենց ակումբի օրինակին և մեծ տեղ են տալու նաև բարեգործությանը:
Սիրարփի Աղաբաբյան