Որքան զբաղված եք, այնքան շատ հանգստի կարիք ունեք
Իր վերջին հարցազրույցներից մեկում լրագրող և հեղինակ Թա-Նեիսի Քոթսը պնդում էր, որ լուրջ մտածողներն ու գրողները պետք է հեռանան Twitter-ից։ Hbr.org-ի հաղորդմամբ՝ դա ոչ 140 նիշանոց գրառումներ կատարել թույլատրող մեդիայի, ոչ էլ սոցիալական մեդիայի քննադատություն չէր «ֆեյք» նորությունների դարաշրջանում։ Դա կոչ էր՝ հեռանալու աղմուկից։ Նրա համար լավ մտքեր ունենալն ու որակյալ արտադրանք տալը պահանջում է ժամանակակից կյանքում այդքան քիչ հանդիպող երևույթ՝ հանգստություն։
Շատ հեղինակներ են փորձարկումներ կատարել՝ հասկանալու համար ինֆորմացիայի հոսքն ու խորը լռության շրջանների կուլտիվացումը։ Բիլ Ջորջը, Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունը, Օհայոյի կոնգրեսմեն Թիմ Ռայանը ևս լռության շրջանները բնութագրել են՝ որպես կարևոր գործոններ իրենց հաջողության համար։ Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ լռության շրջաններն օգնում են վերականգնել նյարդային համակարգը, էներգիա ունենալ, օգնում ուղեղին ավելի լավ հարմարվել և արձագանքել այն միջավայրին, որում բոլորս ապրում ենք ու աշխատում։ Իմք Քրիստը վերջերս խոսեց այն մասին, որ լռությունը կապված է հիպոկամպուսում նոր բջիջների զարգացման հետ՝ ուղեղի այն հատվածը, որը կապված է սովորելու և հիշողության հետ։
Հոգեբան Լուչիանո Բերնարդին էլ իր հերթին՝ խոսեց այն մասին, որ երաժշտության ընթացքում երկու րոպեանոց ընդմիջումներն ավելի կայունացնող ազդեցություն են ունենում սիրտ-անոթային և ռեսպիրատոր համակարգերի վրա, քան «հանգստացնող» համարվող երաժշտությունը։ Սակայն լռության կուլտիվացումը չի վերաբերում միայն աշխատավայրում խոսակցություններից կամ մեդիայում գրառումներից հանգստանալուն։ Իրական, երկարատև լռությունը նպաստում է հստակ և ստեղծագործ մտածողությանը։ Ի
ր վերջին հոդվածներից մեկում Հալ Գրեգերսենը նշում է, որ լռության կուլտիվացումը մեծացնում է նոր գաղափարներ ունենալու, տեղեկատվություն ընկալելու հնարավորությունները։ Երբ մենք անընդհատ ֆիքսված ենք օրակարգի վրա՝ ինչ ասել հաջորդ պահին, ինչ գրել հաջորդ վայրկյանին, դժվար է տարբերվող գաղափարներ ունենալը։ Դժվար է գտնվել ուշադրության և լսողության ավելի խորը մակարդակներում, սակայն հենց այդ խորը մակարդակներում են գտնվում նոր գաղափարները։ Ամեն դեպքում, որքան էլ զբաղված լինեք, ժամանակ հատկացրեք հանգստին։
1. 5 րոպեանոց ընդմիջումներ պլանավորեք։ Եթե կարող եք, 5 րոպեով փակեք գրասենյակի դուռը կամ զբոսանքի դուրս եկեք։ Դա ձեզ հնարավորություն կտա մի փոքր հանգստանալ։
2. Երեկոներն անցկացրեք բնության գրկում։ Բնության գրկում ժամանակ անցկացնելը կարող է դառնալ լավագույն եղանակը՝ ստեղծագործական մտածողության կարողությունները զարգացնելու համար։
3. Աշխատեք որոշ ժամանակով խուսափել մեդիայից։ Մի քանի ժամով անջատեք էլեկտրոնային փոստը, փորձեք խուսափել նորություններից։
4. Փորձեք խորասուզվել և առանձնանալ։ Նույնիսկ կարճ ժամանակով առանձնանալն ամենաուղիղ ճանապարհն է՝ ինքդ քեզ լսելու և ինտուիցիան արթնացնելու համար։
Աշխարհն աղմկոտ է դառնում։ Բայց լռությունը դեռևս հասանելի է։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը