«Իրանն ահաբեկչության զոհ է, ոչ թե՝ ահաբեկչության հովանավոր»
Հարզացրույց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ
– Պարոն Ոսկանյան, Իրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններն ինչի՞ հետևանք էին: Որոշ փորձագետներ այդ դեպքերը պայմանավորում են Կատարի հետ արաբական 4 երկրների դիվանագիտական հարաբերությունների խզմամբ։ Այդ երկուսի միջև կապ տեսնո՞ւմ եք։
– Ակնհայտ է, որ տվյալ գործողությունն առնչվում է տարածաշրջանում ստեղծված իրավիճակի հետ։ Իրավիճակ, որի «նոր փուլի» մեկնարկը տրվեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում, որտեղ, ըստ էության, փորձ կատարվեց ձևավորել հակաիրանական դաշինք՝ Պարսից ծոցի արաբական երկրների և մի շարք այլ երկրների մասնակցությամբ:
Ակնհայտ է, որ իրանցիներն այս դաշինքը ճեղքելու բոլոր հնարավոր միջոցները կիրառեցին և որոշակիորեն հաջողության հասան. փաստացիորեն, Կատարը չմասնակցեց այդ դաշինքին։ Այս իմաստով՝ դեռևս խանձարուրում դաշինքն ունեցավ խնդիրներ, որին հետևեց Կատարի նկատմամբ «պատժիչ» գործողությունների ձեռնարկումը (շրջափակում, մի քանի երկրների կողմից դիվանագիտական հարաբերությունների խզում, և այլն)։ Իսկ շղթայի հաջորդ փուլն արդեն Իրանի ներսում ահաբեկիչների հայտնվելն էր և կոնկրետ ահաբեկչական գործողություն իրականացնելը։
Ընդ որում՝ գործողությունները թիրախավորում էին նաև խորհրդանշական առումով չափազանց կարևոր երկու կետ. Իրանի խորհրդարանը՝ որպես իրանական պետականության խորհրդանիշ, Իմամ Խոմեյնիի դամբարանը՝ որպես Իրանի գաղափարական խորհրդանիշ, քանի որ Իմամ Խոմեյնին իսլամական հանրապետության հիմնադիրն է։
– Այսինքն՝ այս ամենում ամերիկյան հե՞տք եք տեսնում։
– Համենայնդեպս, նման պատահականություններ, որպես կանոն, չեն լինում։ Միանգամից երեք պատահականություն չի լինում։ Նաև հայտարարությունների ոճաբանությունը, հռետորաբանությունը, որին մենք ականատես եղանք, և որտեղ Իրանը մեղադրվում էր գրեթե բոլոր մեղքերում, որոնք առնչվում են միջազգային ահաբեկչությանը՝ այն դեպքում, երբ, ըստ էության, Իրանն ահաբեկչության դեմ պայքարի կարևորագույն պատվարներից մեկն է, տեղ չի թողնում այլ եզրակացություններ և տրամաբանություն տեսնել այս գործընթացների մեջ։
– Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆիի կոշտ արձագանքը ԱՄՆ նախագահի ցավակցական ուղերձին հենց այս համատեքստո՞ւմ էր։
– Ակնհայտ է, որ այդ համատեքստում էր։ Իրանցիները հստակ գիտակցում են, թե իրականացնողներն ովքեր են, ովքեր են այդ իրականացնողներին հրահանգ տվողները և ովքեր են հրահանգ տվողներին հրահանգողները։
Այս իմաստով՝ իրանցիներին նման միջոցներով դրդել որոշակի ոչ խելամիտ գործողությունների, անկհայտ է, որ չի կարող հաջողություն ունենալ։ Իրանցիներն իրենց գործողությունները ծրագրում են բավականին երկարաժամկետ, ոչ հապշտապ մթնոլորտում։ Զգացական թիրախներ ընտրելով, դիցուք՝ Իմամ Խոմեյնիի դամբարանը, ահաբեկիչների հիմնական նպատակն էր՝ Իրանին դուրս հանել հավասարակշռությունից և ստիպել սխալներ թույլ տալ տարբեր գործողությունների ծրագրավորման և իրականացման ընթացքում։ Բայց, ըստ էության, հաջողություն չի գրանցվել։
Ահաբեկիչների երկրորդ նպատակն Իրանի ներսում անկայունություն, խուճապային տրամադրություններ սերմանելը և իրանական իշխանությունների հանդեպ վստահության մթնոլորտը սասանելն էր։ Նախագահական ընտրություններից հետո իրանական ներկայիս իշխանությունները զգալի հեղինակության պաշար ձեռք բերեցին, որի հիման վրա էլ իրականացնելու են Իրանի թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական ուղեգծերը։
Բայց, ըստ էության, հակառակ գործընթացին ականատես եղանք. ստացվեց այնպես, որ Իրանի ներսում տեղի ունեցավ աննախադեպ համախմբում։ Նախագահական ընտրությունների արդյունքում ստացված վստահության և նաև այս համախմբման արդյունքում առկա ողջ պոտենցիալն Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունն օգտագործելու է թե՛ երկրի ներսում հաջողություններ գրանցելու առումով, թե՛ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում։ Պայքար, որն Իրանը մղում է Մերձավոր Արևելքի գրեթե բոլոր կետերում։
– Ինչի՞ կհանգեցնի այս իրավիճակը, Ձեր կարծիքով՝ սա շարունակակա՞ն կլինի Իրանում։
– Իրանի հանդեպ նման մեթոդաբանությամբ աշխատելը կոպիտ սխալ է. կոպիտ սխալ է նաև կիրառվող հռետորաբանությունը։ Բայց գիտեք՝ Իրանը տարածաշրջանում անկախ քաղաքականություն վարող բացառիկ երկրներից մեկն է, և այս համատեքստում՝ անհրաժեշտ են գործիքներ, որոնցով համապատասխան ուժերը փորձ են կատարելու ճնշում գործադրել այս պետության վրա։
Նախկինում այդ գործիքներից ամենակարևորն Իրանի միջուկային ծրագիրն էր, որի ուռճացմամբ, դիվական լրատվական մթնոլորտ ստեղծելու ճանապարհով՝ փորձ էր կատարվում Իրանի վրա ճնշում բանեցնել։ Իրանցիները գնացին միջուկային համաձայնության և հաջողությամբ, պարտաճանաչ կերպով իրականացնում են իրենց բոլոր պարտավորությունները։ Հետևաբար՝ «անհրաժեշտություն» է ծագել Իրանի վրա ունենալ ազդեցության նոր լծակներ, և այդ լծակներից մեկը, ենթադրվում է, որ պետք է լինի Իրանին ահաբեկչությանը հովանավորելու մեջ մեղադրելը։ Այնինչ Իրանն ահաբեկչության զոհ է, և ոչ թե՝ ահաբեկչության հովանավոր։
Ծայրահեղական իսլամն Իրանի դեմ պայքարի միջոց օգտագործելը հղի է նախ և առաջ հենց կիրառողի անհաջողության մեծ հավանականությամբ, որովհետև, պատկերավոր ասած՝ սատանի մայլում քյանդրբազ խաղալու այս հայտնի հանգամանքը, ակնհայտ է, որ բերելու է նրան, որ տվյալ գործիքը կիրառել ցանկացողներն են մատնվելու անհաջողության։
Սկսած քաղաքական դաշտից, վերջացրած աստվածաբանական տարբեր բանավեճերով՝ իրանցիները որևէ տեղ չեն թողնելու իրենց «ընդդիմախոսների» համար։ Բայց ասեմ, որ նաև ահաբեկչության դեմ պայքարի տարբեր ճակատներում աշխատելու են չափազանց սառնասիրտ և չափազանց համակարգված կերպով։ Հետևաբար՝ վերջնարդյունքում ստացվելու է այն, ինչի ականատեսը եղանք Իրաքի ներխուժման ժամանակ, երբ ամերիկացիները կռվում էին Իրաքում, բայց հաղթում էին իրանցիները։
– Պարոն Ոսկանյան, ԱՄՆ-ը հայտարարում էր, որ պայքարում է «Իսլամական պետության» դեմ, Իրանի ահաբեկչությունների (որոնցում ամերիկյան հետք եք տեսնում) պատասխանատվությունն էլ իր վրա վերցրեց հենց այդ կառույցը։ Այսինքն՝ ստացվում է, որ ԱՄՆ-ը առերևույթ պայքարում է, բայց շարունակում է հովանավորե՞լ «Իսլամական պետությանը»։
– Գիտեք՝ զավեշտների հետ գործ ունենք։ Սպասելի էր, որ ԻՊ-ի դեմ պայքարը՝ որպես առաջնային նպատակ հռչակած պետության ղեկավարը հայտներ Իրանին իր աջակցությունն այս խմբավորման դեմ պայքարում։ Բայց ուղերձը բոլորովին այլ էր. կրկին մեղադրում էին Իրանին՝ ահաբեկչությանը հովանավորելու մեջ։ Հատկապես շեշտվում էր այն հանգամանքը, որ ինչպես ասում են՝ քո լարած թակարդն ի վերջո աշխատելու է քո դեմ։ Ակնհայտ է, որ Իրանն ԻՊ ահաբեկչական կառույցի թիվ 1 ախոյանն է, եթե կարելի է այդ բառն ընդհանրապես կիրառել, որովհետև անհամեմատ են երկու կողմերի պոտենցիալները. Իրանական պոտենցիալն անհամեմատ ավելի մեծ է։
«Իսլամական պետությունն» ու Իրանում շիայական իսլամը միմյանց հակոտնյա գաղափարախոսություններ են։ Եվ կարծես թե ստացվում է մի իրավիճակ, երբ փորձում են զոհին դարձնել պատասխանատու, ինչը բերում է զավեշտի և խնդիրներ առաջացնում նաև ԱՄՆ-ի ներքաղաքական կյանքում։ Շատ դժվար է ԱՄՆ-ի կայացած ժողովրդավարության պայմաններում բացատրել այդ երկրի քաղաքացուն, թե ինչու պետք է ԱՄՆ-ը դաշնակցային հարաբերություններ ունենա մի պետության հետ (նկատի ունի Սաուդյան Արաբիային.- Ռ.Մ.), որն ակնհայտորեն հովանավորում է զանազան ահաբեկչական կառույցների՝ սկսած ԻՊ-ից և վերջացրած «Ալ-Քաիդայի» տարբեր ճյուղավորումներով և զավակներով, բայց նման կոշտ դիրքորոշում ունի մի պետության հանդեպ, որն ինքն ահաբեկչության զոհ է և ահաբեկչության դեմ պայքարում առաջամարտիկ (նկատի ունի Իրանի Իսլամական Հանրապետությանը.- Ռ.Մ.)։
– Հաշվի առնելով այն, որ ահաբեկչությունը Հայաստանի սահմանին մոտ է, ի՞նչ սպառնալիք կա մեր երկրի համար։
– Մենք սահմանակից ենք Մերձավոր Արևելքի հետ, և այս իմաստով, մեծ հաշվով՝ որևէ բան չի փոխվել. այդ ահաբեկչությունը Մերձավոր Արևելքում կար և կա, բայց ակնհայտ է, որ խուճապային տրամադրություններ մեր հասարակության մեջ սերմանելն էլ սխալ է։ Հայաստանը որոշակիորեն պետք է բարձրացնի զգոնության մակարդակը, հատկապես՝ սեփական սահմանների մատույցներում, նաև՝ իրանցիների հետ սերտ համագործակցության միջոցով։
Սակայն մատնվել խուճապի, ավելորդ անհանգստություն սերմանել մեր բնակչության շրջանում, սխալ կլինի, որովհետև նույնիսկ Իրանի ներսում այս ահաբեկչական գործողությունը որևէ կերպ չի սասանել Իրանի անվտանգության համակարգը։ Ինչպես Իրանի հոգևոր առաջնորդը հայտարարեց՝ այս ճայթուկների պայթյունով իրանցիներին հունից հանելը բավական բարդ է։ Ահաբեկիչներն արագ լոկալիզացվել ու բավական արագ էլ ոչնչացվել են. բավական օպերատիվ են աշխատել Իրանի անվտանգության մարմինները։ Այսուհանդերձ, մեր կողմից զգոնության բարձրացումը ոչնչով չի վնասի մեզ։