«Կառավարությունը խախտում է մարդու իրավունքները». Արարատ Զուրաբյան
«Ես կարծում եմ, որ այստեղ տեղի է ունենում լուրջ քաղաքական սխալ, հարված է հասցնում ՀՀ-ին. 21 տարի առաջ կայացած ՏԻՄ համակարգը վերափոխման, քայքայման է ենթարկվում»,- այսօր ԱԺ-ում, խոսելով համայնքների խոշորացման ծրագրի մասին, նման տեսակետ հայտնեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյանը։
Ապա դիմելով տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանին, Ա. Զուրաբյանն ասաց. «Ավելի լավ չի՞ լինի՝ վերցնենք Չարենցավան և Հրազդան քաղաքները միավորենք, ասենք, որ ավելի արդյունավետ կկառավարվեն, որովհետև ի՞նչ իմաստ ունի երկու տարբեր քաղաք լինի, երբ երկուսն էլ գոյատևում են։
Այս տրամաբանությունը քաղաքական լուրջ սխալի հետևանք է։ Ես ինքս ՏԻՄ հիմնադիրներից մեկն եմ, մեզ մոտ հիմնական սխալն այն է, որ կայացավ տեղական ինքնակառավարումը, բայց մենք չկայացրինք ռեգիոնալ ինքնակառավարումը։ Ռեգիոնալ ինքնակառավարման բացերը մենք այսօր ուզում ենք համայնքային փնջերով փոխարինել»։
Ըստ նրա՝ շատ ավելի արդյունավետ կլինի վերացնել պետական կառավարման «անհիմն մարմինները»՝ մարզպետարանները, և վերականգնել շրջանները. «Դրանք ստանան ռեգիոնալ ինքնակառավարման մարմնի կարգավիճակ և այն բոլոր միավորող գործընթացները, որոնք անհրաժեշտ են այս կամ այն բնակավայրի համար, գնան այս ճանապարհով։ Սա շատ ավելի ճիշտ ճանապարհ կլինի, քան այն, ինչ դուք եք ընտրել»։
Ա. Զուրաբյանը նկատեց՝ Հայաստանը արտագաղթսղների պետություն է, և համայնքների միավորումից հետո, նրա խոսքով՝ եթե մի բնակավայրում 50 հոգի է մնացել, հիմա զեկուցողները կասեն՝ այս բնակավայրում կա 7 հազար մարդ, որովհետև տասից ավելի գյուղ միացել են իրար. «Սա նպատակ չի կարող հանդիսանալ և պետք է փորձել այնպիսի քաղաքականություն վարել, որ մարդիկ մնան համայնքներում»։
Նրա կարծիքով՝ կառավարությունը գնացել է այն ճանապարհով, որ ոչինչ չի փոխվելու ո՛չ սուբսիդիաների, ո՛չ դոտացիաների, ո՛չ հավաքագրվող հարկերի առումով.
«Մի քանի աշխատատեղ է կրճատվելու, ֆինանսական առումով ինչ-որ դրական քայլ կատարվելու է, բայց աղճատվելու է այն, ինչը պետք է ունենա ինքնուրույնություն։ Չի կարելի աղճատել այդ գյուղերը, դրանք ունեն պատմություն, անցած ճանապարհ, ավանդույթ։ Եթե նրանք ցանկանում են միավորվել, ապա կարող են գալ՝ դիմել կառավարությանը կամ ԱԺ-ին, այդ ժամանակ կարող ենք նստել՝ քննարկել։ Բայց կառավարությունը խախտում է մարդու իրավունքները։ ՏԻՄ ղեկավարն ինչ-որ մի ժամկետով է ընտրվել ու հիմա նրան ասում ենք՝ քո լիազորությունները դադարեցվում են. ի՞նչ սկզբունքով են դադարեցվում, ո՞ր օրենքի համաձայն»։