«Վատ աշխատող ընկերությունների մաքրման աշխատանքները մեզ համար շարունակական են լինելու». Արման Սահակյան

ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին նախագիծը և նշեց, որ առաջարկվող ծրագրով սահմանվում են մասնավորեցման ընթացիկ փուլի նպատակները, պետական գույքի ընտրության սկզբունքները, տնտեսության այն ոլորտները, որոնցում մասնավորեցումներ չեն նախատեսվում, և այլն։

«Պետական գույքի մասնավորեցման մասին օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ նախորդ ծրագրի ցանկում ընդգրկված, սակայն չմասնավորեցված ընկերություններն ու օբյեկտները նոր ծրագրի մասն են՝ վերջինիս ուժի մեջ մտնելու պահից»,- ասաց նա։

Նա նշեց, որ մասնավորեցվող նոր ընկերությունները ծրագրում ընդգրկելու համար հիմք են հանդիսացել մի շարք գերչատեսչությունների կողմից ներկայացված առաջարկություններն ու հիմնավորումները. «Ծրագրում ընդգրկվել են 11 հանրապետական և գործադիր մարմինների, մարզպետարանների ենթակայության տակ գտնվող թվով 24 ընկերություններ»։

«Ելք» դաշինքի պատգամավոր Գևորգ Գեորգիսյանը նշեց, որ մասնավորեցումից հետո «Հայֆիլմ» կինոստուդիայի վիճակն ավելի վատացավ. «Դա դեռ մի կողմ. 47 հիմնարկ ներկայացնել 1 փաթեթով անթույլատրելի է, որովհետև այս հիմնարկներից ամեն մեկն առանձին քննարկում է պահանջում։ Օրինակ՝ «Հայփոստը» շահույթով աշխատող հիմնարկություն է, ինչո՞ւ պետք է վաճառել, կամ Արաբկիր բժշկական կենտրոնը, և այլն»։

Արման Սահակյանն ասաց, որ ի սկզբանե նշել է՝ ընդամենը 24 նոր ընկերության մասին է խոսքը, ոչ թե 47, որովհետև 47-ից 23-ը, ըստ նրա՝ նախորդ մասնավորեցման ծրագրում գտնվող ընկերություններ են.

«Ձեր նշած հիմնական ընկերությունները նախորդ ծրագրերում ընդգրկված ընկերություններն են, այսինքն՝ ԱԺ-ն արդեն դրան հավանություն տվել է։ Մենք փորձում ենք 3 տարվա մեջ ավարտել մասնավորեցման գործընթացը։ Վատ աշխատող ընկերությունների մաքրման աշխատանքները մեզ համար շարունակական են լինելու։ Սա չի նշանակում, որ 2017-20թթ. ծրագիրը հաստատվեց, մենք այդտեղ փոփոխություններ չենք անելու, նոր ընկերություններ չենք մտցնելու, կամ որևէ ռազմավարական ընկերություն չենք հանելու այդ ցուցակից»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930