«Կարևոր սահմանափակում է մտցվել հանձնաժողովի անդամների համար». Արթուր Հովհաննիսյան
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն այսօր ԱԺ-ում ներկայացնելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ ասաց, որ այդ մարմնի անդամների նշանակումը համապատասխանեցվում է նոր Սահմանադրությանը։
«Դրա համար նաև անցումային դրույթներ են նախատեսվում. Սահմանվել է 1 տարվա ժամկետ ԱԺ-ի կողմից՝ հանձնաժողովի նախագահին, տեղակալին և անդամներին ընտրելու համար, և նշվել, որ այդ ընթացքում կգործեն այսօրվա հանձնաժողովի անդամները՝ մինչև համապատասխան նշանակումները կկատարվեն։ Նախատեսված են նոր անդամների լիազորությունների տարբեր ժամկետներ. նախագահին՝ 5 տարի, տեղակալին՝ 4, անդամներից մեկին՝ 3, մյուսին՝ 2, մյուսին՝ 1։ Դա արվել է, որպեսզի ապահովվի այդ մարմնի անընդհատությունը և դրա գործունեության ռոտացիոն մեխանիզմը»,- ասաց նա։
Երկրորդ կարգավորումը, նրա խոսքով՝ համապատասխանեցումն է ԵՏՄ պայմանագրի 20-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված՝ բնական մենաշնորհների կարգավորմանը վերաբերող սկզբունքներին։
Մյուս խնդիրը, որը լուծում է նախագիծը, նրա խոսքով՝ հանձնաժողովին սուբյեկտի կարգավիճակ տալն է. «Այսինքն՝ թույլատրելը, որպեսզի հանձնաժողովը լիարժեք քաղաքացիաիրավական հարաբերությունների սուբյեկտ լինի, որը գործող օրենքով չկար։ Հանձնաժողովն իր իրավասության սահմաններում կարող է ձեռք բերել գույք, անձնական ոչ գույքային իրավունքներ, պարտականություններ կրել, դատարանում հանդես գալ՝ որպես հայցվոր և պատասխանով, և այլն»։
Ըստ Հովհաննիսյանի՝ կարևոր սահմանափակում է մտցվել հանձնաժողովի անդամների համար. «Հանձնաժողովի անդամը չի կարող 2-ից ավելի անգամ անընդմեջ հանդես գալ՝ որպես հանձնաժողովի անդամ։ Սահմանվել է աշխատանքային ստաժի ցենզ. 10 տարվա աշխատանքային ստաժ՝ հանձնաժողովի անդամի թեկնածուի համար, որը գործող օրենքով չկար։ Հանձնաժողովի անդամ կարող է լինել ՀՀ քաղաքացին, գործող օրենքով վրիպակ էր եղել, և այս դրույթը չէր նշվել»։
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ աշխատանքային փորձի մասին է խոսքը։
«Խոսքը վերաբերում է իր մասնագիտական կրթությամբ աշխատանքային ստաժին։ Այսինքն՝ եթե նախատեսվում է, որ հանձնաժողովի անդամներից մեկը պետք է լինի իրավաբան և ունենա 10 տարվա մասնագիտական ստաժ, դա նշանակում է, որ նա պետք է ունենա 10 տարվա իրավաբանի մասնագիտական ստաժ»,- պարզաբանեց Հովհաննիսյանը։