«Անձը ներկայացված է՝ որպես բոմժ, բայց իրականում մենք տեսնում ենք նրա ռեալ ունեցվածքը». Նաիրա Զոհրաբյան

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ-ում ընթերցեց Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործառույթները և նշեց, որ չի հիշում, թե այդ հանձնաժողովը շահերի բախման կամ մարդու իրական ունեցվածքի հայտարարագրի ոչ համապատասխանեցման դեպքում հանրային որևէ խնդիր բարձրացրած լինի. «Քանի դեռ մեր երկրում կա ապօրինի հարստացում, քանի դեռ շատերի համար պաշտոնը հարստացման ուղիղ ճանապարհ է, մենք ունենք և ունենալու ենք կեղծ հայտարարագրեր, որտեղ անձը ներկայացված է՝ որպես բոմժ, բայց իրականում մենք տեսնում ենք նրա ռեալ ունեցվածքը»։

Դիմելով մեծամասնության ներկայացուցիչներին՝ նա հետաքրքրվեց, թե կարո՞ղ են արձանագրել, որ Պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն օրենքով իրեն տրված գործառույթները չի կատարել։

Ինչ վերաբերում է հակակոռուպցիոն հանձնաժողովին, նա ասաց, որ այսօր կոռուպցիան Հայաստանի թիվ մեկ մարտահրավերն է. «Դա հարիր չէ մեր տեսակին։ Այսօր ապօրինի հարստացումն ամենալրջագույն խնդիրներից մեկն է, և ես հակված չեմ այն մտայնությանը, որ Ապօրինի հարստացման դեմ օրենքի նախագիծն ընդունելով՝ մեր երկրում ապօրինի հարստացումը կանխելու ենք։ Քանի դեռ պաշտոնը դիտվում է՝ հարստացման ուղիղ ճանապարհ, քանի դեռ պլուտոկրատիան մեզանում հաստատված հստակ մեխանիզմ է, որևէ օրենքով այս ամենի դեմ պայքարելը շատ դժվար է լինելու։ Պետք է այս ամենը համակարգել, գործուն մեխանիզմներ ներդնել»։

Զոհրաբյանը նշեց, որ իրենց դաշինքի առաջարկը մնում է ուժի մեջ. ընդդիմությունը պետք է ունենա թեկնածու առաջադրելու իրավունք։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս