Բաժիններ՝

«Այդ հրեշտակը կոռուպցիայի դեմ պայքարելու քաղաքական կամք կունենա՞, թե՞ ոչ». Նիկոլ Փաշինյան

«Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ թեև Հակակոռուպցիոն հանձնաժողովի անդամներին առաջադրվող պահանջները լավն են, բայց հարց է առաջանում, թե արդյո՞ք այդ պահանջներին համապատասխանող մարդը կունենա համապատասխան քաղաքական կամք.

«Մենք ասում ենք՝ հակակոռուպցիոն մարմնի հանձնաժողովի անդամները պետք է շատ լավ տիրապետեն բազմաթիվ բաների։ Եթե մի քիչ գրոտեսկի վերածենք, ապա կոպիտ ասում ենք ՝ գերազանց պետք է ավարտած լինեն Օքսֆորդը, Քեմբրիջը, իրենց կյանքում պետք է տիրապետեն ամեն ինչի, բոլոր օրենքները շատ լավ իմանան, լինեն հրեշտակային անձնավորություններ, որ գնանք՝ հարևաններին հարցնենք՝ ով է այս մարդը, ասեն՝ սուրբ է։ Այս ամենը լավ է, և ճիշտ է։ Բայց այդ հրեշտակը կոռուպցիայի դեմ պայքարելու քաղաքական կամք ունի՞, թե՞ ոչ։ Այդ հրեշտակը կարող է գնալ՝ հակակոռուպցիոն մարմնի անդամի աթոռին նստել և 5-6 տարի հրեշտակի նման թևածել Հայաստանի կոռումպացված պետական համակարգի վրա և հրեշտակային կանխավարկածով որևէ մեկին որևէ նեղություն չպատճառել»։

Հետևաբար, ըստ նրա՝ պարտադիր չափանիշ պետք է լինի այն, որ հանձնաժողովի անդամի կենսագրությունը հանրությանը հիմք տա ասելու, որ այդ մարդը կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամք ունի. «Եվ ոչ թե՝ 5-6 տարի կնստի իր աթոռին ու կասի՝ օրենսդրությունը թերի է, ինչ կարողացել՝ այդ է արել»։

Ինչ վերաբերում է ընդդիմությանը որոշակի արտոնություններ տալու խնդրին, նա ասաց, որ այս իրավիճակում կամ պետք է որոշակի արտոնություններ ունենա ընդդիմությունը, կամ ընդդիմության ներկայացուցիչը պետք է լինի հակակոռուպցիոն մարմնի ղեկավար. «Այս փաստարկին իշխանությունը միշտ հնչեցնում է հակափաստարկ, որ ընդդիմությունը քաղաքականացնում է պրոցեսը։ Նաև ասում են, որ այդ դեպքում հակակոռուպցիոն մարմնի ընդդիմադիր ղեկավարը կսկսի հետապնդումներ իրականացնել իշխանության ներկայացուցիչների նկատմամբ։ Սա շատ հետաքրքիր, նաև տարօրինակ փաստարկ է, որովհետև շատ պաշտոնյաներ, այդ թվում՝ գլխավոր դատախազը առաջադրվում և նշանակվում են խորհրդարանական մեծամասնության և իշխող ուժի կողմից»։

Եվ ըստ նրա՝ եթե իշխանությունն ասում է, որ ընդդիմության նշանակած մարդը կանխավարկածով պետք է հետապնդումների ենթարկի իշխանության ներկայացուցիչներին, ուրեմն՝ անուղղակի խոստովանում է, որ իշխանության կողմից նշանակված գլխավոր դատախազը կամ այլք նշանակված են ընդդիմության ներկայացուցիչներին ըստ անհրաժեշտության հետապնդումների ենթարկելու համար. «Հետևաբար՝ կարծում եմ, որ հակակոռուպցիոն մարմինը պետք է լինի ոչ թե կոլեգիալ, այլ բրգաձև կառույց, որի գլխին կանգնած լինի հակակոռուպցիոն մարմնի ղեկավարը։ Եվ երկրորդ՝ այդ ղեկավարի պաշտոնում առաջադրումներ անելու հնարավորություն պետք է ունենա ընդդիմությունը կամ ընդդիմադիր խմբակցությունները»։

Վերջում նա հավելեց, որ ցավալի է նման կարևոր օրենքը նոր կանոնակարգի սահմանափակումներով քննարկելը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս