«Մենք վաղվա եղանակի պրոգնոզը չենք կարողանում նորմալ տալ, դուք ուզում եք 5 տարվա պրոգնոզ տա՞մ»

«Ես այդ ասեկոսեները չեմ ուզում մեկնաբանել»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե շատ է շրջանառվում վարչապետ Կարեն Կարապետյանի փոփոխության հարցը, իսկ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ վարչապետը հրաժարական տալու որևէ պատճառ չունի:

Ըստ նրա` դեռ շատ վաղ է 2018 թվականին Հայաստանի վարչապետի թեկնածուի մասին խոսելը, այժմ խոսքն այս կառավարության մասին է, որի վարչապետը Կարեն Կարապետյանն է լինելու, իսկ թե ինչ կլինի 2018-ին կամ 5 տարի հետո, դեռ հայտնի չէ:

Մեր հարցին` կառավարության գործունեության արդյունքները գոհացուցի՞չ են, Ա.Ռուստամյանը պատասխանեց. «Կառավարությունը հաշվետվություն պետք է ներկայացնի, անընդհատ այդ մասին խոսվում է: Ես կառավարության փոխարեն հիմա չեմ պատրաստվում հաշվետվություն տալ` ինչ է արել կառավարությունը, բայց բավականին լուրջ քայլեր կատարվել են»:

Մեր դիտարկմանը, թե ինչ օրինակ կարող է բերել այդ «լուրջ քայլերից», ՀՅԴ պատգամավորը հստակ չպատասխանեց. «Դրանք շատ են, 1-2 բան չի, ոտքի վրա 3 րոպեում ամփոփ ներկայացնելը իմ պարտականությունը չէ»:

Հարցին, թե ո՞ւմ է տեսնում վարչապետի պաշտոնում 2018-ից հետո, Ա.Ռուստամյանը պատասխանեց. «Կգա 2018 թիվը, կտեսնենք, ես ձեզ նման 15 տարի հեռուն չեմ կարողանում տեսնել: Այս աշխարհում ամիսն էլ է բավականին լուրջ ժամկետ: Մենք վաղվա եղանակի պրոգնոզը չենք կարողանում նորմալ տալ, դուք ուզում եք 5 տարվա պրոգնոզ տա՞մ»:

Նա նշեց, որ կառավարության գործունեության հիմքում տեսնում է իրենց առաջարկությունները, որի շուրջ համագործակցել են դեռ մինչև կոալիցիա կազմելը:

Տեսանյութեր

Լրահոս