Բաժիններ՝

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննչական գործառույթներ չի ունենալու». Արփինե Հովհաննիսյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստում ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի առանցքն այն է, որ հայտարարատուների ցանկն ընդլայնվում է, և այսօրվա մոտ 500 պաշտոնատար անձանցից հայտարարատու պաշտոնատար անձինք են դառնում մոտ 2200 հոգի։

«Հայտարարատուների շրջանակի ընդլայնումը պետք է կատարվի փուլ առ փուլ, և միանգամից բոլոր ոլորտներն ընդգրկվել չեն կարողանում։ Այս ցանկում այս պահին ներառված են բոլոր դատախազները, քննիչները, ՔԿՀ և ԴԱՀԿ գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձինք, հատուկ ծառայություններում պաշտոններ զբաղեցնող անձինք և գնումների վերաբերյալ խորհրդի անդամները»,- պարզաբանեց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ հայտարարատուների ընտանիքի կազմի վերաբերյալ ևս փոփոխություն է եղել, ըստ որի՝ դրա մեջ մտնում են հայտարարատու պաշտոնյայի ամուսինը, անչափահաս զավակը, խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձինք, տվյալ հայտարարատու պաշտոնյայի հետ համատեղ ապրող ցանկացած անձ. «Մյուս նորամուծությունն այն է, որ շահերի հայտարարագրում է նախատեսվում»։

Անդրադառնալով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծին, նա ասաց, որ միջազգային փորձն այս ոլորտում բավականին տարբեր է. «Չկա միաժամանակ համադարման, որ այս կամ այն փորձի փոխառումը միանշանակ երաշխավորելու է հաջողություն»։

Նա նշեց, որ կանխարգելիչ մարմինն իրականացնելու է պաշտոնատար անձանց հայտարարագրերի ստուգում, դրանց արժանահավատության ստուգում, վերլուծություն և այդ վերլուծության արդյունքում համապատասխան խախտումների հայտնաբերման դեպքում՝ վրա է հասնելու պատասխանատվություն։

«Հաջորդ գործառույթն այն է, որ կարող է կատարել բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհամատեղելիության պահանջների և սահմանափակումների հարցերի քննություն, էթիկայի և իրավիճակային շահերի բախման հարցերի քննարկում։ Մարմինը քննչական գործառույթներ չի ունենալու»,- ասաց նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս