Ներդրումային «չեմպիոնության» չափանիշերը

Ինչպես հայտնի է, ՀՀ Կառավարությունն առաջիկա 5 տարիներին խոստանում է ներգրավել 3.4 մլրդ դոլարի օտարերկրյա ներդրումներ, որից 830-840 մլն դոլարը՝ այս տարի։ Ավելին, տնտեսական բլոկի պատասխանատուները պնդում են, որ ներդրումային ծրագրերից մի քանիսն արդեն իսկ մեկնարկել են։

Շատերը սպասում էին, որ ներդրումային վիճակագրությունը, որը հրապարակվում է եռամսյակային կտրվածքով, կարտացոլի այդ իրողությունները՝ արդեն մեկնարկած ներդրումային ծրագրերի մասով։ Սակայն…

3 օր առաջ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց ՀՀ օտարերկրյա ներդրումների ցուցանիշները՝ տարվա առաջին եռամսյակի համար։ Պարզվեց, որ 2017թ. հունվար-մարտին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը (առանց պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածի) կազմել է -7 536.5 մլն դրամ, որից ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 19 743.2 մլն դրամ (շուրջ 41 մլն դոլար):

Նշենք, որ զուտ հոսքերը հաշվետու ժամանակահատվածում օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն են։ Ընդհանուր ներդրումների բացասական ցուցանիշը՝ -7.5 մլրդ դրամ, նշանակում է, որ, պարզ ասած, ավելի շատ կապիտալ Հայաստանից դուրս է հոսել, քան մտել երկրի տնտեսություն (ընդամենը ներդրումները ներառում են ուղղակի, պորտֆելային և այլ ներդրումները (վերջինում ներառվում են վարկերը և փոխառությունները, ապրանքների և ծառայությունների դիմաց վճարվելիք/ստացվելիք գումարները, ստացված/տրված կանխավճարները))։

Բնականաբար, այս թվերը համահունչ չէին ներդրումային բումի մասին հնչող խոստումներին։ ԱՎԾ զեկույցի հրապարակումից հետո լրագրողները հետաքրքրվեցին ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանից՝ արդյո՞ք կառավարությանը կհաջողվի կատարել 830-840 մլն դոլար ներդրումների խոստումը։ Ի պատասխան՝ նախարարը հավաստիացրեց, որ կառավարությունը ոչ միայն կկատարի, այլ նաև կգերակատարի ներդրումների ներգրավման հետ կապված նախընտրական խոստումները:

«Մեր նախարարությունը մոնիտորինգ է իրականացնում 460 մլն դոլարի ներդրումային ծրագրերի շրջանակում: Հինգ ամսվա արդյունքները դեռևս հայտնի չեն, բայց 4 ամիսների ընթացքում արդեն իսկ փաստացի իրականացվել է 130-140 մլն դոլարի ներդրում: Բայց բոլոր ծրագրերն էլ ընթացքի մեջ են: Չկա մի ներդրումային ծրագիր, որը կանգնած է, կամ դեռևս սկսված չէ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է օտարերկրյա ներդրումների զուտ հոսքի բացասական ցուցանիշին՝ -7.5 մլրդ դրամ, Սուրեն Կարայանը դա պայմանավորեց հիմնականում այն հանգամանքով, որ բազմաթիվ կանխավճարներ են իրականացվել ներդրումային ծրագրերի շրջանակներում, որպեսզի հիմնական միջոցներ գան ՀՀ. «Ուստի դա երևում է՝ որպես բացասական: Իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը դրական է. 2017-ի առաջին եռամսյակում արձանագրվել են 19,7 միլիարդ դրամի ուղղակի ներդրումներ, բացի այդ, բազմաթիվ ներդրումներ և վերաներդրումներ են իրականացվել տեղական ներդրողների կողմից:

Այնպես որ, այն ծրագրերը, որոնք հայտարարել էինք, բնականոն հունով առաջ են ընթանում, իսկ զուտ ներհոսքի բացասական լինելը չի կարելի ներկայացնել՝ որպես կապիտալի արտահոսք ՀՀ-ից, որովհետև դրանում այն գումարներն են, որոնք Հայաստանի կազմակերպությունների կողմից որպես կանխավճար փոխանցվել են օտարերկրյա արտադրողներին՝ հիմնական միջոցներ ձեռք բերելու համար»,- ասաց նա:

Հիմա փորձենք մի փոքր վերլուծել այս պատկերը՝ այն տեսանկյունից, որը չի լուսաբանվել այս օրերին։

Ուրեմն՝ բացի ներդրումների զուտ հոսքերի ծավալից, կա նաև ընդհանուր ներհոսքի հասկացությունը (առանց զուտի)։ Շատ պարզ եթե ասենք, այն ցույց է տալիս, թե ընդհանուր առմամբ որքան գումար է ներդրումների տեսքով մտել Հայաստան՝ առանց հաշվի առնելու այստեղից դուրս եկած գումարները։

Ազգային վիճակագրական ծառայությունը մի ժամանակ այդ ցուցանիշն առանձին հրապարակում էր, հիմա՝ ոչ։ Սակայն այդ թիվը կարելի է հաշվարկել հրապարակվող ցուցանիշների հիման վրա։ ԱՎԾ-ն հրապարակում է 1998 թվականից մինչև տվյալ եռամսյակի՝ 2017թ. վերջն ընկած ժամանակահատվածում օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված ներդրումների համախառն հոսքերը։ Համախառն հոսքերն ընդգրկում են միայն գործառնության արդյունքում իրականացված ներդրումների ծավալների հանրագումարը (առանց պարտավորությունների գծով մարումների, գների, փոխարժեքի և այլ փոփոխությունների` արտակարգ իրավիճակների, մեխանիկական սխալի և կազմակերպության ուղղակի լուծարման արդյունքում իրականացված փոփոխությունների):

Եվ այսպես, 2017թ. մարտի վերջի դրությամբ համախառն հոսքերի ընդհանուր ծավալը կազմել է 6 տրիլիոն 529.1 մլրդ դրամ կամ մոտ 13.5 մլրդ դոլար։ Այդ թվում՝ ուղղակի ներդրումների համախառն հոսքերը կազմել են 3 տրլն 635.9 մլրդ դրամ։

2016 թվականի դեկտեմբերի վերջին ներդրումների համախառն ներհոսքը 6 տրլն 278.1 մլրդ դրամ էր, ուղղակի ներդրումներինը՝ 3 տրլն 541.6 մլրդ դրամ։

Այսպիսով, պարզ թվաբանության օգնությամբ կարելի է հաշվել, որ 2017թ. առաջին եռամսյակում օտարկրյա ներդրումների հոսքերը կազմել են շուրջ 251 մլրդ դրամ (կամ 516.8 մլն դոլար), իսկ այդ թվում ուղղակի ներդրումներինը՝ 94.2 մլրդ դրամ (կամ 194 մլն դոլար): 2016թ. առաջին եռամսյակում ընդհանուր ներդրումների հոսքերը 372.6 մլն դոլար էին, ուղղակի ներդրումներինը՝ 147.5 մլն դոլար։ Այս տեսանկյունից՝ ընդհանուր ներդրումների հոսքն աճել է 38.7%-ով, ուղղակի ներդրումներինը՝ 31.5%-ով։ Վատ թվեր չեն։ Չի բացառվում, որ Սուրեն Կարայանը հենց վերը նշված 194 մլն դոլարը նկատի ուներ, երբ խոսում էր արդեն իսկ կատարված ներդրումներից։

Սակայն այստեղ առաջանում է մի շատ կարևոր հարց։ Մինչև առաջ անցնելն աչքի անցկացրեք այս գծապատկերը։ Մենք վերցրել ենք ընդամենը ներդրումների, ուղղակի ներդրումների, ընդամենը ԶՈՒՏ ներդրումների հոսքերի և ուղղակի ԶՈՒՏ ներդրումների տվյալները 2014, 2015 և 2016թթ. համար (դրանք վերածել ենք դոլարի՝ հաշվի առնելով տվյալ ժամանակահատվածի միջին փոխարժեքը)։ Այս 4-ն էլ ներդրումների վերաբերյալ ցուցանիշներ են, սակայն միանգամայն տարբեր բաներ են։

Հիմա գլխավոր հարցը, որի մասին խոսում էինք վերևում։ Այս ցուցանիշներից ո՞ր մեկը նկատի ունի ՀՀ կառավարությունը, երբ խոսում է 830-840 մլն դոլարի ներդրումների մասին։

Առաջինը՝ ընդամենը ներդրումների հոսքը, կարելի է միանգամից բացառել. այդ ցուցանիշը վերջին տարիներին եղել է 2 մլրդ դոլարի կարգի։

Խոստացված 830-840 մլն դոլարի ներդրումն ավելի համահունչ է երկրորդ ցուցանիշին՝ ուղղակի ներդրումների ներհոսքին։ Շեշտենք, այս ցուցանիշն առաջին եռամսյակի համար 194 մլն դոլար է։

Եթե կառավարությունը խոստանում է 2017-ին ապահովել 840 մլն դոլարի ուղղակի ներդրումների ներհոսք (ոչ թե զուտ ներհոսք), դա կրկին վատ չէ, որովհետև 2016-ին այդ ցուցանիշը կազմել է 721.9 մլն, իսկ 2015-ին՝ 667 մլն դոլար։ Վատ չէ, սակայն սա չեմպիոնական ցուցանիշ չէ, որովհետև օրինակ 2014-ին՝ մենք ունեցել ենք 840 մլն դոլարի ուղղակի ներդրումների հոսք։ Ու այս առումով 840 մլն դոլարի ապահովումը լրիվ իրատեսական է՝ հաշվի առնելով առաջին եռամսյակում ուղղակի ներդրումների ներհոսքի աճի տեմպը (31,5%)։ Իրատեսական է, սակայն տպավորիչ չէ։

Իսկ չեմպիոնություն կլիներ, եթե հաջողվեր տարվա համար ապահովել 840 մլն դոլարի ընդհանուր ներդրումների ԶՈՒՏ ներհոսք (որն առաջին եռամսյակում բացասական մեծություն ունի) կամ օտարերկրյա ուղղակի ներդրումների ԶՈՒՏ ներհոսք (որն առաջին եռամսյակում 41 մլն դոլար է)։ Այնպես որ, թերևս ժամանակն է, որպեսզի կառավարությունը հստակեցնի՝ կոնկրետ ի՞նչ նկատի ունի՝ 840 մլն դոլարի ներդրումներ ասելով։

Ավելին, այս հարցն ինչ-որ տեղ նաև ուշացած է, քանի որ պետք է հնչեր անմիջապես այն բանից հետո, երբ հայտարարվեց 840 մլն դոլարի ներդրումների մասին։ Սակայն, ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք։ Այնպես որ, հուսով ենք՝ կառավարությունը կարձագանքի և թույլ կտա հասկանալ՝ իրենք կոնկրետ ինչ են խոստացել ներդրումների մասով (ինչպես պարզաբանվեց արտահանման մասով)։

Տեսանյութեր

Լրահոս