Բաժիններ՝

Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն Մուխթարլիին. Նիլս Մույժնիեկս

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մույժնիեկսը Վրաստանին կոչ է արել իրականացնել ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի հետ տեղի ունեցած միջադեպի արդյունավետ, արագ ու անկախ հետաքննություն։ «Ես ցնցված են նրանից, ինչ տեղի է ունեցել ադրբեջանցի լրագրող ու ակտիվիստ Աֆղան Մուխթարլիի հետ, որը ինչպես հայտնում են, առևանգվել է Վրաստանում ու բռնի տեղափոխվել Ադրբեջան, որտեղ հիմա նրան մեղադրում են ապօրինի սահմանահատման ու մաքսանենգության մեջ»,­- հայտարարել է Մույժնիեկսը՝ ավելացնելով, որ Մուխթարլին 2015 թվականից բնակվում է Թբիլիսիում և լքել է Ադրբեջանը՝ քննադատական խոսքերի պատճառով Ադրբեջանի կառավարության հետապնդումից խուսափելու համար։

«Նրա փաստաբանի խոսքով՝ Մուխթարլին պնդում է, որ առևանգողներն իր գրպանի մեջ գումար են դրել, նաև դաժան են վարվել իր հետ։ Դա շատ լուրջ մեղադրանք է, որը պահանջում է արդյունավետ, արագ ու անկախ հետաքննություն Վրաստանի իշխանությունների կողմից։ Մինչդեռ Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն պարոն Մուխթարլիին ու ապահովեն մարդու իրավունքների պաշտպանությունը՝ այդ թվում պաշտպանությունը կտտանքներից ու դաժան վարվեցողությունից»,-­ նշել է Մարդու իրավունքների հարցերով հանձնակատարը։

Աֆղան Մուխտարլին հայտնի է որպես ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության քննադատ: 2015 թվականից ի վեր ստիպված է եղել բնակություն հաստատել Թբիլիսիում: Օրերս նա անհետացել էր, ինչի կապակցությամբ ընտանիքը դիմել էր ոստիկանություն: Ավելի ուշ նա հայտնվել էր Բաքվում եւ ձերբակալվել: Նա հայտարարել է, որ Թբիլիսիի կենտրոնից նրան առեւանգել են քաղաքացիական հագուստով անհայտ անձինք, ովքեր խոսում էին վրացերենով: Նրան նստեցրել են մեքենա եւ դուրս բերել Վրաստանից, ապա դաժան ծեծի են ենթարկել, կապել աչքերը եւ տեղափոխել մեկ այլ մեքենա, իսկ արդեն ադրբեջանական սահմանին կրկին տեղափոխել են երրորդ մեքենա, որում արդեն խոսել են ադրբեջաներենով: Մեքենայում նրա գրպանում խոշոր չափի գումար են դրել, եւ այժմ Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում են գումարի ապօրինի տեղափոխման եւ սահմանը հատելու մեջ: Լրագրողի փաստաբանն արդեն հանդիպել է նրան եւ փաստել, որ ոչ քթի եւ ճակատի հատվածում երեւում են ծեծի հետքերը, աչքերի տակ կապտուկներ են: Աֆղանն ասել է, որ կրծքավանդակում ուժեղ ցավեր ունի, կարծում է, որ կողի կոտրվածք է ստացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս