«Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածեց հերթական ապատեղեկատվությունը». Սենոր Հասրաթյան
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածեց հերթական ապատեղեկատվությունը՝ Արցախի բանակին մեղադրելով 82 և 120մմ-ոց ականանետերից հրադադարի ռեժիմը խախտելու մեջ ու նաև «ավելորդ» չհամարեց իր սովորության համաձայն «զգուշացնել», որ շարունակվելու դեպքում ադրբեջանական զինուժը հրետանային զինատեսակներից արկակոծության կենթարկի հայկական կողմի թիկունքային օբյեկտները:
Ի պատասխան Բաքվի ռազմական ագիտպրոպի վայրահաչոցի, տեղեկացնեմ, որ մայիսի 30-ին և լույս 31-ի գիշերն ու այսօրվա ընթացքում հակամարտ զորքերի կողմից ականանետային զինատեսակներից հրադադարի ռեժիմի խախտման դեպք ընդհանրապես չի արձանագրվել: Իսկ ինչ վերաբերում է շրջանառության մեջ դրված ապատեղեկատվությանը, ապա դա մեկ անգամ ևս փաստում է, որ հարևան երկրի մանրահատակային ուսադիրավոր քարոզիչները կա՛մ անտեղյակ են հակամարտ զորքերի շփման գծում տեղ գտնող իրական զարգացումներից, կա՛մ էլ իրենց լսարանին փորձում են հրամցնել սեփական երևակայության անպտուղ «գոհարները»»: