Քաբուլում ահաբեկչությունն առնվազն 90 մարդու կյանք է խլել. ԻՊ-ն ստանձնել է պատասխանատվությունը
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի դեսպանատների թաղամասում կատարված ահաբեկչական գործողությունը 90 մարդու կյանք է խլել, տուժելէ եւս 380 մարդ: Այդ մասին հայտնել է հանրապետության առողջապահության նախարարությունը: Ինչպես նշում են բժիշկները, զոհերի թիվը կարող է աճել, տուժածներին տեղափոխել են քաղաքի հիվանդանոցներ, շատերին՝ ծանր վիճակում, նրանց թվում են կանայք ու երեխաներ:
Ահաբեկչական գրոհի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» իսլամիստական ծայրահեղական խմբավորումը: Պայթյունը տեղի է ունեցել մայիսի 31-ին տեղական ժամանակով ժամը 08:30-ին (Երեւանի ժամանակով 08:00-ին) Քաբուլի Վազիր Աքբար Խան-թաղամասում՝ Գերմանիայի դեսպանատան մերձակայքում:
Այստեղ են տեղավորված նաեւ Ճապոնիայի, Իրանի եւ Հնդկաստանի, ինչպես նաեւ
մի շարք այլ պետությունների դեսպանատները: Ինչպես հայտնել է Գերմանիայի դեսպանատան անվտանգության ղեկավար Մոհամադ Իդրիս Սարվարին, զոհվել են աֆղան երկու պահապաններ, երկու հոգի անհայտ կորած է համարվում: Տուժել են դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներ, ինչպես նաև BBC-ի հինգ աշխատակից: Քաբուլի ոստիկանապետ Շահ Հուսեյն Ֆարուքը հաստատել
է, որ պայթեցվել է ականապատված ավտոցիստեռն:
Ականատեսների հաղորդումների համաձայն, պայթյունի վայրում 15 մետր խորությամբ ձագարափոս է գոյացել: Մերձակա շենքերն ամբողջությամբ կամ մասնակիորեն ավերված են: Ինչպես հայտնել է «Պաժվակ» գործակալությունը, ամբողջովին կամ մասամբ ոչնչացել է ավելի քան 50 փոխադրամիջոց:
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին դատապարտել է Քաբուլում կատարված ահաբեկչական գործողությունը: Այդ մասին ասված է Աֆղանստանի ղեկավարի դիվանատան տարածած հայտարարության մեջ:
«Նախագահը խստիվ դատապարտում Է Քաբուլում կատարված հարձակումը, որը տեղի է ունեցել մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամսվա առաջին օրերին»: Ղանիի խոսքով՝ «ահաբեկիչները նույնիսկ Ռամադան սրբազան ամսվա ընթացքում չեն դադարում սպանել անմեղ մարդկանց»,-հաղորդել է ՏԱՍՍ-ը: