Հարավային Կորեայի դատախազությունը ձերբակալել է կոռուպցիոն սկանդալի գլխավոր ֆիգուրանտի դստերը
Ամստերդամից Սեուլ մեկնող ինքնաթիռում Կորեայի Հանրապետության (ԿՀ) դատախազության ներկայացուցիչների կողմից ձերբակալվել է երկրի նախկին նախագահի մտերիմ ընկերուհու՝ Չխվե Սուն Սիլի դուստրը՝ Չոն Յու Ռան: Այդ մասին հայտնել է հսկիչ գերատեսչությունը:
«Հարավային Կորեա ժամանելուց հետո Չոն Յու Ռան կտեղափոխվի հետաննչական կենտրոն, որտեղ կկայանա նրա հարցաքննությունը»,-նշվում է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Դանիայի իշխանությունները, որտեղ թաքնվում էր կինը, որոշում էին ընդունել նրան Հարավային Կորեային արտահանձնելու մասին: Քննիչները Չոն Յու Ռային արտահանձնելու պահանջը հիմնավորել էին երկրի նախկին նախագահ Պակ Կըն
Հեի շրջապատում հարուցված կոռուպցիայի գործով նրան հարցաքննելու անհրաժեշտությամբ:
20-ամյա Չոն Յու Ռային հունվարի 1-ին բռնել էին դանիական Օլբորգ քաղաքում միջազգային կալանագրի հիման վրա, որն Ինտերպոլի կողմից տրվել էր հարավկորեական իշխանությունների պահանջով: Հայրենիքում Չոն Յու Ռային կասկածում են այն բանում, որ նա համալսարան է ընդունվել՝ շրջանցելով սահմանված կանոնները եւ կարող էր մորն օգնել իրականացնելու տարբեր խարդախ սխեմաներ: Չոն Յու Ռան ինքը բոլոր մեղադրանքները մերժում Է: Չխվե Սուն Սիլն անցյալ տարի Կորեայի Հանրապետությունում բորբոքված կոռուպցիոն սկանդալի հիմնական ֆիգուրանտն է:
Հետաքննությունը պարզել է, որ նա, չզբաղեցնելով պետական որեւէ պաշտոն, տեղյակ է եղել պետական կառավարման մանրամասներին եւ միջամտել էԷ բարձր մակարդակով քաղաքական որոշումների ընդունման ընթացքին, ներառյալ նախարարների նշանակումը
եւ ԿԺԴՀ-ի հետ առճակատման սաստկացումը:
Բացի այդ, Չխվե Սուն Սիլը, օգտվելով իր ազդեցությունից, մի շարք հարավկորեական կորպորացիաների հարկադրել է բազմամիլիոնանոց նվիրատվություններ անել իր հետ կապված հիմնադրամներին՝ Mir-ին եւ KSports-ին, ինչի արդյունքում այդ ֆինանսական
կազմակերպություններն ստացել են 80 մլրդ վոն (72 մլն դոլար): Դատախազությունը Չխվե Սուն Սիլին խարդախության մեղադրանքով բռնել է 2016 թվականի հոկտեմբերի 31-ին, իսկ նոյեմբերի 3-ին Սեուլի շրջանային դատարանը նրա ձերբակալման կալանագիր է տվել:
2016 թվականի դեկտեմբերին ԿՀ-ի խորհրդարանը հայտարարել էր Պակ Կըն Հեի պաշտոնազրկման մասին, իսկ 2017 թվականի մարտի 10-ին այդ որոշումը հաստատել է երկրի Սահմանադրական դատարանը: Մարտի 31-ին նախկին նախագահը ձերբակալվել է եւ տեղափոխվել հետաքննչական մեկուսարան: Նա մեղադրվում է, մասնավորապես, կոռուպցիայի, պաշտոնական լիազորությունների վերազանցման, կաշառաշորթության եւ պետական գաղտնիքների հրապարակման մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: