
«Ադրբեջանական պատվիրակները բավականին անհանգստացած են Հայաստանի կողմից Իսկանդերի ձեռքբերմամբ». Կորյուն Նահապետյան

«Ադրբեջանական պատվիրակները բավականին անհանգստացած են Հայաստանի կողմից Իսկանդերի ձեռքբերմամբ»,- այսօր լրագողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը` խոսելով մայիսի 26-29-ը Թբիլիսիում կայացած վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքների մասին:
Նա նշեց, որ հայկական պատվիրակները պարզաբանել են ՀՀ պաշտպանական քաղաքականությունը և հստակ նշել, որ այս համակարգի ձեռքերումը նպատակ ունի հավասարակշռել ուժերը Հարավային Կովկասում: Նրա խոսքով` ադրբեջանցիներն ասել են, թե ՀՀ-ն ռուսական զենք է ձեռք բերել անվճար, որին իրենք հակադարձել են որ Ադրբեջանն էլ անվերջ ավելացնում է իր սպառազինությունները:
168.am-ի հարցին, թե քննարկվե՞լ է արդյոք Մինսկի խմբի համանախագահող երկիր Ռուսաստանի դերը Ադրբեջանի սպառազինության ավելացման գործում, Կ.Նահապետյանը պատասխանեց, որ Ռուսաստանի հետ կապված բավականին խորքային հարցադրումներ եղել են, բայց ոչ տարածաշրջանի պետություններին սպառազինության մատակարարման հարթությունում:
Ըստ նրա` քննարկվել է «Ռուսաստան. Գործընկերոջից` մրցակից» զեկույցը և ուղղակիորեն մեղադրանքներ էին հնչում վրացական կողմից ՌԴ-ի դեմ, բայց Հայաստանի և Ադրբեջանի համատեքստում որևէ անդրադարձ չի եղել: