
Եմենում հումանիտար աղետ է սկսվել. ՄԱԿ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Սթիվեն Օ’Բրայենը հայտարարել է, որ Եմենը գտնվում է սոցիալական, տնտեսական եւ կազմակերպականիրավական լիակատար կործանման եզրին: Ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նիստում՝ Օ’Բրայենն ընդգծել է, որ երկիրն այդ իրավիճակում է հայտնվել բացառապես համաշխարհային հանրակցության անգործության պատճառով, եւ այժմ անհապաղ օգնության կարիք ունի, տեղեկացնում է BBC-ին:
«Ճգնաժամն այնտեղ չի մոտենում, այլ արդեն սկսվել է մեր աչքերի առջեւ»,-ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը: ՄԱԿ-ի տվյալներով՝ շուրջ յոթ միլիոն եմենցիներ սովի եզրին են:
Բացի դրանից, Եմենում մոլեգնում է խոլերայի համաճարակը. այսօրվա դրությամբ երկրում գրանցված է այդ հիվանդության արդեն 60 հազար դեպք: 500 հիվանդացածներ մահացել են: Իսկ առաջիկա վեց ամսում, փորձագետների տվյալներով՝ կարող է հիվանդանալ եւս շուրջ 150 հազար մարդ:
Եմենում չդադարող հակամարտության հետեւանքով, ՄԱԿ-ի տվյալներով՝ վերջին երկու տարում այստեղ զոհվել է ավելի քան ութ հազար մարդ, վիրավորվել շուրջ 45 հազարը:
Մարդասիրական օգնության կարիք ունի երկրի շուրջ 19 միլիոն բնակիչ, երկիր, որի ենթակառուցվածքը գործնականում քայքայված է: Եմենում հակամարտության կողմերն են կառավարական ուժերը, որոնց աջակցում է կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, եւ հուսիթ ապստամբները։