
Մոսկվայում և մարզում աճում է փոթորկից զոհվածների թիվը

Մոսկվայում եւ Մերձմոսկվայում նախօրյակին մոլեգնած փոթորկից զոհվածների թիվը հասել է 16-ի, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտարարել է, որ մարզում փոթորկի զոհ է դարձել հինգ մարդ, 34 հոգի հոսպիտալացվել է:
Այսպիսով, հաշվի առնելով, որ Մոսկվայում փոթորկից զոհվել է 11 մարդ, մոսկովյան տարածաշրջանում զոհվածների թիվը հասել է 16-ի: Ավելի վաղ Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Խրիպունը հայտնել էր, որ մայիսի 29-ի ցերեկը Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում մոլեգնած սաստիկ փոթորիկը 14 մարդու կյանք է խլել, տուժել է գրեթե 170 մարդ: Նրանցից 146-ը հոսպիտալացվել էին, 108-ը մնում են հիվանդանոցներում:
«Ընդամենը բուժօգնություն ստանալու համար դիմել է 168 մարդ, 15 հիվանդանոցներ են հասցվել 146 տուժածներ»,-ասել է նա՝ ճշտելով, որ 108 տուժածներ, այդ թվում՝ 22 երեխա, մնում են հիվանդանոցներում: Մոսկվայի քաղաքագլուխ Սերգեյ Սուբյանինը հայտարարել է, որ, վնասի մասշտաբներով, տարերքի հարվածն աննախադեպ է քաղաքի արդի պատմության մեջ:
Նա նշել է, որ նախնական տվյալներով Մոսկվայում փոթորիկը տապալել է 3,5 հազար ծառ: Վնասվել են 140 բազմահարկ բնակելի շենքերի ու վարչական շենքերի տանիքներ, վնասվածքներ են ստացել 1500-ից ավելի ավտոմեքենաներ: Փոթորկի հետեւանքները վերացնում են քաղաքային ծառայությունների 35 հազար աշխատակիցներ,
ինչպես նաեւ ավելի քան 4,5 հազար միավոր տեխնիկա: