Բաժիններ՝

«Ավրորա»-­ն աջակցելու է Գերմանիայի Բրանդենբուրգ երկրամասի մայրաքաղաք Պոտսդամի եկեղեցու վերականգնմանը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հյուրերը ծանոթացան հայ մեծանուն երաժշտագետ, բանահավաք, խմբավար և մանկավարժ Կոմիտասի կենսագրությանը եւ թողած ժառանգությանը: Նախաձեռնության համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը, Ռոբերտ Բոշ հիմնադրամի ներկայացուցիչները եւ մի խումբ այլ հյուրեր այցելել են Կոմիտասի թանգարան­ ինստիտուտ՝ մասնակցելու «Կոմիտասի ժառանգությունը» խորագիրը կրող միջոցառմանը, որին բացման խոսքով ելույթ ունեցավ թանգարան­ ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը: Նա հյուրերին ներկայացրեց Կոմիտասի կենսագրությունը եւ նրա դերը հայկական մշակույթի ձեւավորման գործում: «Ուրախ եմ, որ «Ավրորա» նախաձեռնությանը միանում է նաեւ Կոմիտասի թանգարան­ինստիտուտը: Պատիվ է ողջունել հյուրերին, հատկապես մեր գերմանացի բարեկամներին, քանի որ Կոմիտասի տունը նաեւ մեր գերմանացի բարեկամների տունն է, ինչի մասին վկայում է Կոմիտասի կենսագրությունը»,- ասաց նա:

Նուբար Աֆեյանը ընդգծեց, որ կարեւոր է հասկանալ, որ աշխարհասփյուռ հայերը՝ Լիբանանում, Մոսկվայում, Ֆրանսիայում եւ այլուր չէին լինի, եթե բացարձակ օտար, այլազգի մարդիկ նրանց չփրկեին Հայոց ցեղասպանության տարիներին:

«Գերմանացիները, ֆրանսիացիները, նաեւ թուրքերից են եղել, որ փրկել են հայերի կյանքը. մի երեւույթ, որը երբեմն հայերի համար դժվար ըմբռնելի է, բայց այդպես է: Իմ դեպքում պապերս են փրկվել հենց գերմանացիների կողմից, եւ դրա մասին իմացել ենք Բուլղարիայում տպագրված հոդվածներից մեկից: Պապս ու նրա եղբայրը գործարարներ են եղել եւ դատապարտված են եղել ոչնչացման, ամբողջ տեղահանման ընթացքում Ստամբուլից սկսել են քշվել այն հոսքերով, ինչպես շատերի հետ է պատահել: Նրանք փաստացիորեն փրկվել են գերմանացի սպաների կողմից, ում հիմնական աշխատանքն է եղել այդ ժամանակ օգնել թուրքերին եւ կազմակերպել հայերի արտաքսումը: Տեսնելով, որ պապս ու եղբայրը գերմաներեն են խոսում, նրանց վերցրել են, բայց չէ որ կային այլ մարդիկ, ովքեր գերմաներեն չգիտեին: Սա երկու եղբայրների պատմություն է, ովքեր փոխել էին իրենց ինքնությունը: Ինչ վերաբերում է Կոմիտասին, նա առանձնահատուկ է, որովհետեւ հենց Կոմիտասն է կապված եղել գերմանական մշակույթին»,- ­ասաց Նուբար Աֆեյանը:

Նա հյուրերին ներկայացրեց նախաձեռնության առանձնահատկությունները՝ շեշտելով, որ այն կյանքի կոչելով ցանկանում են հայերին հնարավորություն տալ հայտնելու իրենց երախտագիտությունը:

Նախաձեռնության համահիմնադիրը հայտարարեց, որ «Ավրորա» նախաձեռնության շրջանակում նախատեսվում է նվիրատվություն կատարել Գերմանիայի Բրանդենբուրգ երկրամասի մայրաքաղաք Պոտսդամի եկեղեցու վերականգնմանը:

Միջոցառմանը ելույթ ունեցավ նաեւ Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, ով կարեւորեց նախաձեռնությունը նաեւ հայ­ գերմանական հարաբերություններն ընդգծելու առումով:

«Սա շատ զգացական միջոցառում է: Ինձ համար պատիվ է այսօր լինել այստեղ: Մեր հարաբերությունների պատմության մեջ եղել են շատ կարեւոր անձինք: Նրանցից մեկն Արմին Վեգներն էր, ով մեծ դեր խաղաց այդ տարիների ոճիրները ներկայացնելու գործում: Նա արել էր հարյուրավոր լուսանկարներ, որոնցից շատերը փրկվեցին, իսկ շատերը՝ դժբախտաբար ոչնչացվեցին: Մյուսը Յոհաննես Լեփսիուսն էր, ով առճակատման մեջ մտավ թուրքերի դեմ, երբ ականատես եղավ այդ դեպքերին, այնուհետեւ հարյուրավոր որբերի ապաստան տվեց: Այդ մարդկանց շարքերը կարող են համալրել նաեւ գերմանական բանակի սպաները, դիվանագետները»,- ­ասաց դեսպանը՝ ընդգծելով, որ ուրախ է, որ անցած տարի Բունդեսթագն ընդունեց եւ հստակ ի ցույց դրեց ցեղասպանության տարիներին նաեւ Գերմանիայի պատասխանատվությունը:

Նա տեղեկացրեց, որ վերջերս Գերմանիայի Բրանդենբուրգ երկրամասի գիտության, հետազոտության եւ մշակույթի նախարար Մարտինա Մյունխի՝ Հայաստան կատարած այցելության շրջանակում հնչել են բազմաթիվ առաջարկներ հաջորդ տարի Կոմիտասի 150-ամյակը հանդիսավոր կերպով նշել նաեւ Գերմանիայում, քանի որ դեսպանի խոսքով՝ թեպետ Կոմիտասն ու նրա գործունեությունը կապված են եղել Գերմանիայի հետ, այնտեղ Կոմիտասը դեռ բավականաչափ ճանաչված չէ:

Անդրադառնալով հայ­գերմանական հարաբերությունների ընդհանուր պատկերին՝ Մաթիաս Քիսլերը նշեց, որ չնայած Հայաստանի դժվարություններին եւ մարտահրավերներին՝ վերջին երկու տարիներին նա խրախուսելի փոփոխություններ է նկատել:

«ՏՏ ոլորտի զարգացում, ԹՈՒՄՈ կենտրոնը, որտեղ ռոբոտներ են պատրաստում, խրախուսում են հազարավոր դեռահասների, ինչպես նաեւ ոչ նվազ կարեւոր «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը. բոլոր այս նախագծերը միտված են դեպի ապագան: Եթե դրա հետ մեկտեղ բարելավվի նաեւ երկրի քաղաքական դաշտը, Հայաստանը լիովին կունենա հնարավորություն բարգավաճելու եւ զարգանալու ոչ պակաս, քան եվրոպական մեկ այլ երկիր»,­- եզրափակեց նա:

Կոմիտասի ստեղծագործություններն ունկնդրելուց հետո հյուրերը շրջայց կատարեցին թանգարան­ինստիտուտում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս