Հայաստանը կարո՞ղ է օֆշորային երկիր դառնալ

Հայաստանի նորաստեղծ ներդրողների ակումբին քրեական կերպարների առնչություն ունենալը, պատժամիջոցներից հետո Ռուսաստանից կասկածելի ծագումով փողերի մուտքը Հայաստան որոշ փորձագետների մոտ ենթադրություններ են առաջացրել, որ ՀՀ իշխանությունը փորձում է Հայաստանն օֆշորային երկիր դարձնել: Այդ մասին որևէ հրապարակային պաշտոնական հայտարարություն դեռ չի եղել: Բայց արդյոք Հայաստանը կարո՞ղ է ամենամեծ ցանկության դեպքում անգամ դառնալ օֆշորային երկիր:

Տնտեսագետ, 1994-1998 թթ. ԿԲ նախագահ Բագրատ Ասատրյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանն օֆշորային երկիր չի կարող դառնալ, որովհետև դրա համար անհրաժեշտ են հատկանիշներ, առաջին հերթին` քաղաքական կայունություն և անվտանգություն:

«Ո՛չ մեկով, ո՛չ մյուսով մենք աչքի չենք ընկնում»,- ասաց Բ.Ասատրյանը:

Դիտարկմանը, որ արտաքին աշխարհի համար քաղաքականապես կայուն ենք, Բ.Ասատրյանը չհամաձայնեց. «Ոչ: Ի՞նչ է նշանակում՝ քաղաքական կայունություն, որ նույն ուժը վերընտրվո՞ւմ է: Երբեք: Մի «Սասնա ծռերն» այդ քաղաքական կայունության վրա այնպիսի խաչ են քաշել, որ դա մի գերեզման է: Նախ` գոտին վտանգավոր է, պատերազմական երկիր ենք: Անգամ Վրաստանն այդ հատկանիշներով չի բնութագրվում, թեև այդ ձնեգունդն այնտեղ գնաց, ներդրումները սկսեցին աճել, մեկը մյուսին նայելով՝ մարդիկ ներդրումներ արեցին: Իսկ Հայաստանը շատ հեռու է դրանից:

Այսօր Վրաստանում մեկ բանկն է 1 միլիարդ դոլար կապիտալով գալիս, իսկ մեր ամբողջ բանկային համակարգի կապիտալը մոտավորապես 1 մլրդ 300 մլն է: Հիմա, եթե դուք լինեք ներդրող, որտե՞ղ կվստահեք ձեր գումարները»:

Տեսանյութեր

Լրահոս