
Milliyet. Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբի պետը կարող է ստանձնել փոխնախագահի պաշտոնը

Թուրքիայի զինված ուժերի (ԶՈւ) գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը 2019թ. կարող է զբաղեցնել երկրի փոխնախագահի պաշտոնը:
Ըստ թուրքական «Superhaber» լրատվակայքի՝ այդ մասին հայտնել է «Milliyet» թերթի սյունակագիր Մեհմեթ Թեզքանը: Նա նշում է, որ Էրդողանը վերջին ժամանակներս ավելի հաճախ է Աքարին ընգրկում իր արտագնա այցերի պատվիրակության մեջ:
«Պարզ է, որ սա հստակ տեղեկություն չէ, այլ ընդամենը լրագրողական կանխատեսում: Որոշ ժամանակ ուսումնասիրելով և դիտարկելով Էրդողանի և Աքարի հարաբերությունները՝ իմ եզրահանգումն այն է, որ Էրդողանը Աքարին նախապատրաստում է 2019թ-ի համար: Մենք հաճախ Էրդողանի պաշտոնական այցերից շատերի ժամանակ տեսնում ենք գեներալ Աքարին: Ընդ որում վերջինս այդ այցերին մասնակցում է ոչ թե զինվորական, այլ քաղաքացիական հագուստով»,- նկատում է Թեզքանը:
Նա, որպես իր կանխատեսման ապացույց՝ առաջ է քաշում այն հանգամանքը, որ Աքարը նույնիսկ Էրդողանի հրամանով Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության պետ Հաքան Ֆիդանի հետ միասին մեկնել էր ԱՄՆ: Չնայած շատ հավանական էր, որ Ֆիդանի հետ ոչ թե Աքարը պիտի մեկներ, այլ Թուրքիայի պաշտպանության նախարարը:
Հոդվածագիրը նաև հիշեցնում է, որ Աքարի պաշտոնավարման ժամկետը լրանում է հենց 2019 թվականին: