
Կարեն Կարապետյանի մնալու հարցը 2018-ին որոշելու է ՀՀԿ-ն. «Կարեն Կարապետյանը մնալու ցանկություն պետք է ունենա». «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակը»-ը զրուցել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ:
– Հետընտրական փուլում Հայաստանի քաղաքական դաշտում գլխավոր ինտրիգը մնում է այն, թե արդյո՞ք 2018-ից հետո նախագահ Սերժ Սարգսյանը կշարունակի պաշտոնավարել վարչապետի պաշտոնում, թե՞ Կարեն Կարապետյանը կմնա այդ պաշտոնում:
– Մենք պետք է քաղաքական մոտեցում ցուցաբերենք: Ես չեմ կարծում, թե մեխանիկական լուծում պետք է տրվի: Կարեն Կարապետյանը մնալու ցանկություն պետք է ունենա և պետք է հնարավորություն կարողանա ստեղծել իր համար, որովհետև խոսքն արդեն 100 օրվա մասին չէ: Եթե կառավարությունը կարողանա մեկ տարում կատարել քայլեր, որոնք հասարակության մեջ կառաջացնեն այն զգացողությունը, որ գործող կառավարությունը իրավիճակի փոփոխության հնարավորություն ունի, ապա Կարեն Կարապետյանը, բնականաբար, կմնա: Բայց եթե այդ ընթացքում Կարեն Կարապետյանը չկարողանա փոփոխություն առաջացնել, չեմ կարծում, թե մեխանիկորեն պետք է ասվի, որ Կարեն Կարապետյանը մնում է: ՀՀԿ-ն որպես ամբողջություն է այդ ամեն ինչին տնօրինում, և ՀՀԿ-ն այնուհետև ինքը պետք է որոշի՝ Կարեն Կարապետյանը կարողացե՞լ է արդարացնել հույսերը, որպեսզի 2018- ից հետո շարունակի որպես վարչապետ աշխատել, թե՞ անհրաժեշտ է փոփոխություն, և այդ փոփոխությունն ինչ տեսքով կլինի՝ որոշողը լինելու է ՀՀԿ-ն»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։