Գնդակը Թուրքիայի դաշտում է. ԵՄ ներկայացուցիչները դրական քայլեր են ակնկալում թուրքական կողմից
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ ԺանԿլոդ Յունկերի, այնուհետև նաև Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանիի հետ հանդիպումների ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան շարունակում է նպատակ ունենալ անդամակցել Եվրամիությանը:
Այս մասին գերմանական Deustche Welle-ին ասել են ԵՄ պաշտոնյաները: Լրատվամիջոցի հետ զրույցում ԵՄ աղբյուրները հայտնել են, որ Էրդողանը մի քանի անգամ շեշտել է, որ Թուրքիան չի հրաժարվել Եվրամիությունից:
ԵՄ ղեկավարները Թուրքիայի նախագահի հետ հանդիպումների ժամանակ նրան հայտնել են իրենց մտահոգությունը մարդու իրավունքների ոտնահարումների, դատական անկախությունը խախտելու, մամուլի ազատությունը սահմանափակելու, ինչպես նաև մահապատժի վերականգնման մասին քննարկումների առնչությամբ:
ԵՄ ներկայացուցիչներն ընդգծել են, որ ԹուրքիաԵՄ հարաբերություններում առկա
լարվածության հաղթահարումը կապված է առաջիկայում թուրքական կողմի քայլերից:
Եվրոպացի գործիչները հայտնել են, որ պատրաստ են Թուրքիայի հետ երկխոսության նոր փուլի մեջ մտնել՝ նշելով.
«Գնդակը Թուրքիայի դաշտում է: Նախ և առաջ սպասելու ենք, որ քայլեր ձեռնարկվեն հիմնարար իրավունքների, մամուլի ազատության հարցերում»:
ԵԽ նախագահ Անտոնիո Տայանին հանդիպումից հետո գրառում էր կատարել թվիթերյան միկրոբլոգում՝ նշելով. «Էրդողանի հետ դրական ու կառուցողական հանդիպում ունեցանք: Այժմ Էրդողանից մահապատժի վերականգնման ու մամուլի ազատության հարցերով դրական ազդանշանի ենք սպասում»: