«Դպրոցներն ավելի զգոն ու զգույշ են դարձել». ԿԳ նախարարը՝ դրամահավաքի մասին
Դպրոցներն ավելի զգոն ու զգույշ են դարձել՝ դրամահավաքը ոչ թե ներսում է կազմակերպվում, այլ ծնողկոմիտեները դրսում են իրականացնում։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։
Ըստ նրա՝ այդ պատճառով էլ Վերջին զանգի համար դրամահավաքության մասով ԿԳՆ թեժ գծով ստացվող զանգերը պակասել են։ Լ.Մկրտչյանն ուշադրություն հրավիրեց նաև մյուս խումբ ծնողների վրա, որոնք դժգոհում են, թե ինչու չեն թողնում երեխաներն իրենք իրենց միջոցառումը նշեն. «Հասարակությանը մի քիչ պետք է հասկացնենք, որ այդ շքեղ ռեստորաններում կամ ստիպողաբար դրամ հավաքելով՝ երեխաներին տոն նվիրելը լավ չէ, այդ նույն դպրոցում կան սոցիալապես անապահովներ»:
Նախարարի կարծիքով՝ եթե թույլ տան, որ այս գործընթացը շատ զարգանա, աստիճանաբար դպրոցները կէլիտարանան։ Նա խոստացավ անմիջապես պատժել այն տնօրենին, ով թույլ է տվել ուսուցիչների ու տնօրենների համար նվերների գումար հավաքել. «Դա այլ հարց է, կատեգորիկ պետք է վերացնենք այդ դրամահավաքությունը»:
Մանրամասները՝ տեսանյութում