«Եթե մենք այսօր այս գործընթացը սկսենք, որոշ ժամանակ անց կունենանք այլ պատկեր». Կարեն Կարապետյան
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ մարտի 23-ին ներկայացված բազմաբնակարան շենքերի տանիքների պահպանման դիմաց կատարված վճարների վերաբերյալ լուծում տալու հանձնարարականին:
Ըստ նրա` քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտում զարգացումները, ինչպես նաև զբոսաշրջային զարգացման ժամանակակից մոդելները ենթադրում են միասնական մոտեցում, հատկապես շենքերի տանիքների մասով` ձև, գույն, և այլն:
Սակայն, ինչպես նշեց Կ. Կարապետյանը, նման միասնական պահանջներ այսօր նախատեսված չեն:
Նա Քաղաքաշինության կոմիտեի նախագահին հանձնարարեց երկամսյա ժամկետում բնակավայրերի ներդաշակ տեսքն ապահովելու նպատակով ներկայացնել առաջարկություններ նոր կառուցվող բազմաբնակարան շենքերի և այլ շինությունների տանիքների նկատմամբ միասնական չափանիշներ սահմանելու ուղղությամբ:
Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատարին հանձնարարեց և քաղաքապետին առաջարկեց ժամանակացույց ներկայացնել փոփոխված տանիքները նորմերին համապատասխանեցնելու վերաբերյալ, նաև տանիքների վերանորոգման աշխատանքների ժամանակ առաջնորդվել չափանիշներով:
«Եթե մենք այսօր այս գործընթացը սկսենք, որոշ ժամանակ անց կունենանք այլ պատկեր»,- նկատեց Կ. Կարապետյանը: