
«Աթեշյանի հրաժարականը նշանակում է պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկ». Բագրատ Էստուկյան

Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հրաժարականը նշանակում է, որ սկսվում է պատրիարքական ընտրությունների գործընթացը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը:
«Արքեպիսկոպոս Աթեշյանի հրաժականը նոր զարգացում է, դեռ մանրամասներ ենք փորձում ճշտել: Ամեն դեպքում սա նշանակում է, որ այս հրաժարականով պատրիարքական ընտրությունների գործընթացը կսկվի: Արքեպիսկոպոս Աթեշյանը որքան մնում էր իր պաշտոնում, չէր լինում գործընթացը սկսել: Այդ գործընթացը պետք է ղեկավարի ընտրված տեղապահը, իսկ տեղապահն իր լիազրոությունները գործածելու համար անհրաժեշտ էր, որ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարական տար»,-ասաց Բագրատ Էստուկյանը:
Այն հարցին, թե երբ կսկսվի պատրիարքական ընտրությունների գործընթացը, Բագրատ Էստուկյանը նշեց, որ առաջին հերթին պետք է սպասել, որ պատրիարքական տեղապահ ընտրված Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը վերադառնա Ստամբուլ: Նա հայտարարել էր, որ Ստամբուլ կվերադառնա, եթե լինեն հստակ զարգացումներ:
«Հիմա այդ հստակ զարգացումները կան, մնում է Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը վերադառնա տեղապահի իր աթոռին: Հավանաբար առաջին գործը կլինի հանձախմբի կազմումը»,-ավելացրեց Բագրատ Էստուկյանը:
Այն հարցին, թե ովքեր կարող են լինել պատրիարքական ընտրությունների հավանական թեկնածուները, Բագրատ Էստուկյանը նշեց, որ դեռ վաղ է այդ մասին խոսելը:
Պոլսո Հայոց պատրիարքարանում մարտի 15-ին գումարված հոգևորականների ժողովը պատրիարքական տեղապահ էր ընտրել Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին: Աթեշյանը, սակայն, ընտրությունների արդյունքների հրապարակումից անմիջապես հետո ներկայացրել էր նահանգապետարանից ստացված գրությունը, որն իրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Նա հրաժարվել էր հեռանալ պատրիարքական փոխանորդի պաշտոնից՝ ասելով, որ թուրքական իշխանություններն իբրև պատրիարքարանի պաշտոնական ներկայացուցիչ միայն իրեն են ճանաչում: