Կատալոնացիների ավելի քան 60 տոկոսը դեմ է Մադրիդի հետ չհամաձայնեցված հանրաքվեին
Կատալոնացիների մեծամասնությունը համաձայն չէ կատալոնական կառավարության հետ, որը պատրաստ է ինքնուրույն հանրաքվե անցկացնել Իսպանիայից անկախության շուրջ, եթե նրան չհաջողվի համաձայնության գալ Մադրիդի կենտրոնական իշխանությունների հետ: Այդ մասին վկայում են հասարակական կարծիքի ուսումնասիրման Metroscopia կենտրոնի անցկացրած հարցման տվյալները, որոնք հրապարակվել են El Pavs թերթում:
Առանց իսպանական կառավարության հետ համաձայնեցնելու հանրաքվեին դեմ Է հանդես գալիս Կատալոնիայի բնակիչների 61 տոկոսը, կողմ է՝ 35 տոկոսը: Հարցման մասնակիցների 62 տոկոսը չի հավատում, որ Կատալոնիան իսկապես անկախություն կհայտարարի տեսանելի ապագայում, հակառակ կարծիքն է պաշտպանում հարցվածների 34 տոկոսը:
Եթե Կատալոնիայի իշխանություններին հաջողվի համաձայնության գալ Իսպանիայի կառավարության հետ եւ հանրաքվե անցկացնել, ապա մասնակիցների 49 տոկոսը կպաշտպանի Իսպանիայի կազմում ինքնավար հանրակցության պահպանումը: 42 տոկոսը կքվեարկի անկախության օգտին, վկայում են հարցման արդյունքները:
Հարցվածների 31 տոկոսն այն համոզմունքն ունի, որ Կատալոնիայի իշխանությունները պետք է շարունակեն գործել անկախություն ձեռք բերելու ուղղությամբ, 62 տոկոսն ավելի խելամիտ է համարում բանակցություններ վարել կենտրոնական իշխանությունների հետ եւ, Բասկերի երկրի օրինակով, ավելի մեծ ինքնավարության հասնել Իսպանիայի կազմում:
Հարցման համաձայն, Կատալոնիայի բնակիչների կեսն իրենց հավասարապես համարում են կատալոնացիներ եւ իսպանացիներ, իրենց բացառապես կատալոնացիներ են համարում 14 տոկոսը, իսպանացիներ՝ 4 տոկոսը:
Հարցումն անցկացվել է մայիսի 8-ից մինչեւ 10-ը, դրան մասնակցել է հազար մարդ, վիճակագրական անճշտությունը կազմում է 3,2 տոկոս, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: