Դոնալդ Թրամփը և Պաոլո Ջենտիլոնին քննարկել են G7-ի գագաթնաժողովի օրակարգը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին քննարկել են G7-ի՝ մայիսի 26-27-ին Թաորմինում (Սիցիլիա) կայանալիք գագաթնաժողովի օրակարգը: Ինչպես հայտնել է ANSA գործակալությունը՝ վկայակոչելով իտալական կառավարության աղբյուրներ, զրույցի ընթացքում, որը տեղի է ունեցել Միացյալ
Նահանգների դեսպանի նստավայրում, առավելապես արծարծվել է ահաբեկչության թեման։
Ինչպես նշում է գործակալությունը, «յոթնյակը» պետք է քննարկի ահաբեկչության դեմ պայքարի թեման, որը սրվելէ Մանչեսթրի (Մեծ Բրիտանիա) ահաբեկչական գործողությունից հետո:
Բացի այդ, գործակալության տվյալներով, Թրամփը եւ Ջենտիլոնին շոշափել են միգրացիայի խնդիրը, որը հանգուցային թեմա է «յոթնյակը» նախագահող Իտալիայի համար, կլիմայական փոփոխությունների թեման, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունները եւ երկու երկրների առեւտրական կապերը:
Ջենտիլոնիի հետ հանդիպմամբ Թրամփն ավարտել է Իտալիայի մայրաքաղաք իր այցը, որը տեւել է մեկ օրից պակաս: Առավոտյան Վատիկանում նրան, տիկնոջ՝ Մելանյայի եւ դստեր՝ Իվանկայի հետ միասին ընդունել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը:
Այնուհետեւ Թրամփը հանդիպում է ունեցել Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի հետ: Նախագահական զույգը Իտալիայից մեկնելու է Բրյուսել, որտեղ Թրամփը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, հաղորդել է ՏԱՍՍ-ը։