Բաժիններ՝

«Աննման և անկրկնելի». Ռիմա Դեմիրճյանը՝ Կարեն Դեմիրճյանի մասին

Քաղաքական եւ պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի այրի Ռիմա Դեմիրճյանն ամուսնու անունը կրող թանգարանում իրեն զգում է ինչպես հարազատ օջախում:

Ռիմա Դեմիրճյանն ասաց, որ հատ-հատ անգիր գիտի բոլոր ցուցանմուշները: «Այստեղ ես ինձ զգում եմ այնպես, կարծես Կարենը կողքիս է: Այնքան ծանոթ են բոլոր ցուցանմուշները, որ արդեն անգիր գիտեմ: Այստեղ շատ հարազատ մթնոլորտ է որպես տուն, օջախ, որտեղ անբաժան Կարենը կողքիս է»,-ասաց նա:

Ռիմա Դեմիրճյանն ամուսնուն բնութագրում է. աննման եւ անկրկնելի՝ որպես գործիչ, հայր, պապ, ամուսին: «Իր մասին ժամանակակիցներից շատերը գրել են. «Առանց արատների մարդ», «Մարդ-կատարելություն»: Դա շատ բանի մասին է ասում: Այս բառերն ասել են մարդիկ, որոնք կարիք չունեին հաճոյախոսելու»,-ասաց նա:

Կարեն Դեմիրճյանի թանգարանը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001թ. հունվարի 9-ի N9 որոշմամբ՝ Կարեն Դեմիրճյանի կյանքն ու գործունեությունը ուսումնասիրելու, լուսաբանելու և հիշատակը հավերժացնելու նպատակով: Թանգարանի ցուցադրական մասը բաղկացած է երկու հարակից, միմյանց հետ հաղորդակցվող սրահներից: Առաջին՝ մեծ սրահի ցուցանմուշները և լուսանկարները ներկայացնում են Կ.Դեմիրճյանի կյանքը՝ պատանեկությունից մինչև վերջին տարիները:

Այստեղ են նաև ցուցադրված առարկաները, որ տարբեր ժամանակներում Կ. Դեմիրճյանին նվիրել են ամենազանազան մարդիկ՝ երկրների ղեկավարներից մինչև հասարակ քաղաքացիներ: Երկրորդ սրահը իրենից ներկայացնում է հուշասենյակ՝ կահավորված աուտենտիկ կահույքով: Այստեղ տեղադրված գրասեղանի շուրջ Կ.Դեմիրճյանն աշխատել է և՛ առաջին քարտուղարի պաշտոնում, և՛ հետագայում, երբ ընտրվել էր ԱԺ նախագահ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս