Դեպի ծով ելք չունեցող երկրները կորցնում են առևտրաշրջանառության մինչև 30 տոկոսը. ԵԱԶԲ
Դեպի ծով ելք չունեցող երկրները կորցնում են առեւտրաշրջանառության մինչեւ 30 տոկոսը: Այդ մասին հայտնել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահ Դմիտրի Պանկինը: Բանկի մասնակիցների թվում նման երկրները հինգն են:
«Դեպի ծով ելք չունեցող երկրների միջին տնտեսական ցուցանիշը 1,5 տոկոսային կետով պակաս է, քան դեպի ծով ելք ունեցող երկրներինը: Առեւտրաշրջանառության ընդհանուր ցուցանիշը 30 տոկոսով ցածր է: Դրա պատճառներն ակներեւ են՝ բեռնափոխադրումների բարձր արժեքը»,-հայտարարել է Պանկինը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական խորհրդի զարգացման ֆինանսավորմանը նվիրված համաժողովում: Նրա խոսքով՝ փոխադրումների ծախսերը կարող են մինչեւ 50 տոկոս թանկ նստել դեպի ծով ելք ունեցող պետությունների համեմատությամբ:
Նրա խոսքով՝ խնդրի լուծումը կարող է դառնալ տարածաշրջանային տնտեսական ինտեգրացումը, քանի որ այդ գործընթացը թույլ է տալիս երկրների աշխարհագրական մեկուսացման սահմանափակումները մեղմացնել սահմանային եւ մաքսային ծախսերի նվազեցման, աշխատուժի եւ կապիտալի շարժունության մեծացման հաշվին: Այս կերպ նաեւ ապահովվում է նավահանգիստներին եւ ենթակառուցվածքի մյուս հանգուցային օբյեկտներին միանալը:
Պանկինն ընդգծել է, որ ԵԱԶԲ-ն գործում է զարգացման բնագավառում ՄԱԿ-ի ծրագրերի օրակարգին համապատասխան՝ անդամ երկրներին օգնելով իրենց տնտեսական աճի խոչընդոտները հաղթահարելու տրանսպորտի եւ էներգետիկական ենթակառուցվածքի բնագավառում նախագծերի ֆինանսավորման ճանապարհով:
«ԵԱԶԲ-ի ընթացիկ ներդրումային պորտֆելի բոլոր նախագծերի գրեթե կեսն այն ինտեգրացիոն նախագծերն են, որոնք նպաստում են մեր անդամ երկրների ավելի մեծ կապվածությանը»,-ընդգծել է Պանկինը:
Եվրասիական զարգացման բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը Ռուսաստանի եւ Ղազախստանի կողմից 2006 թվականի հունվարին հիմնվել է մասնակից պետությունների շուկայական տնտեսության զարգացմանը, նրանց կայուն տնտեսական աճին եւ փոխադարձ առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանն աջակցելու նպատակով: ԵԱԶԲ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ դոլար:
Մասնակից պետություններ են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: