Բաժիններ՝

Human Rights Watch­-ը ԵՄ ղեկավարներին հորդորել է Էրդողանի հետ հանդիպմանը խոսել մարդու իրավունքների պաշտպանությունից

Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը Եվրամիության ղեկավարներին կոչ է արել մայիսի 25-­ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հիշեցնել նրան, որ հետագա համագործակցության հարցը կախված է մարդու իրավունքների պաշտպանության հարցում պաշտոնական Անկարայի դիրքորոշումից:

Այս մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:

«Իր լիազորություններն ընդլայնող հանրաքվեում հաղթանակից հետո Էրդողանի հետ կայանալիք առաջին հանդիպմանը Եվրամիությունը պետք է քննարկմանը ներառի նաև մարդու իրավունքների հարցը: Նախագահներ Յունկերը և Տուսկը պետք է փոխանցեն այն միտքը, որ նոր պայմաններով ավելի խոր տնտեսական համագործակցությունը կախված է լինելու Էրդողանի կողմից Թուրքիայում իրականացվող ճնշումների դադարեցման ու մարդու իրավունքների և օրենքի գերակայության պաշտպանության հետ»,­-ընդգծել է Human Rights Watch-­ի ԵՄ հարցերով տնօրեն Լոտտե Լայթը:

Նա հիշեցրել է, որ այսօր Թուրքիան համաշխարհային առաջատարն է լրագրողներին ձերբակալելու հարցում: «Յունկերը և Տուսկը պետք է պնդեն, որ ԵՄ­-Թուրքիա հարաբերությունները կախված են Էրդողանի կողմից լրագրողներին ու ընտրված քաղաքական գործիչներին ազատ արձակելու, հայտարարված արտակարգ դրությունը վերացնելու և մահապատժի վերականգնման ցանկացած մտքից հրաժարվելու հետ»,­-ընդգծել է Լոտտե Լայթը:

Մայիսի 25-­ին Էրդողանը Բրյուսելում կհանդիպի Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան­Կլոդ Յունկերի հետ: Եռակողմ հանդիպման առանցքային հարցերից են լինելու Եվրամիությանն անդամակցության շուրջ Թուրքիայի հետ փակուղի մտած բանակցությունները, մահապատժի վերականգնման մասին պաշտոնական Անկարայի կողմից հնչեցվող հայտարարությունները, ինչպես նաև Թուրքիա­-ԵՄ փախստականների հարցով համաձայնագրի ապագան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս