Բաժիններ՝

«Հայաստանը փորձադաշտի վերածելու փոխարեն՝ թող դա անեն». Թաթուլ Մանասերյան

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ դեմ է համայնքների խոշորացման ծրագրին, քանի որ, ըստ նրա՝ դա ամայացնում է համայնքները: Տնտեսագետն այն կարծիքին է, որ դա «դրսի կառույցների ձեռքի գործն է»:

«Ես առանց երկմտանքի փակագծերը բացեմ. այն մարդիկ, որոնք տարիներ շարունակ
Հայաստանը կանխատեսել են 1-1,5 մլն բնակչություն ունեցող երկիր, նրանց նպատակն է՝ Հայաստանը տեսնել այդպիսին ՝ թույլ կեղեքված և ենթակա տարբեր օգնությունների: Նախագահ Սերժ Սարգսյանը թիվ հրապարակեց՝ Հայաստանը տեսնել 4 մլն-ից ոչ պակաս բնակչություն ունեցող երկիր, և փոքր թվերի կանխատեսումները վնասում են մեր պետականությանը»:

Տնտեսագետի խոսքով՝միայն խորհրդային տարիներին 250 համայնքն է ամայացել ՀՀ-ում, և հիմա խորհուրդ չի տալիս նույն ուղով գնալ: «Ես այդ հեղինակների հետ բազմիցս զրուցել եմ, բայց անհեթեթություններ են ասում, թե պետք է խնայողություններ անենք: Բայց խնայողություն անելու համար բազում ուղիներ կան: Աննախադեպ երևույթ է. այս պրոցեսին դեմ են գյուղացիները, համայնքապետերը, իշխանությունը, ընդդիմությունը, մտավորականությունը, փորձագետները, բայց ինչ-որ մարդիկ ուզում են դա անցկացնել: Ես ձեզ հավաստիացնում եմ՝ կառավարության անդամների մեծ մասը դեմ է դրան, սա դրսի կառույցների նախաձեռնությունն է»:

Թ. Մանասերյանը նաև նշեց, որ կան հասարակական կազմակերպություններ, որոնք խժռում են գումարներ պետական բյուջեից. «Գնացեք՝ այդտեղից գումարներ վերցրեք: Միակ ճանապարհը, որ կարելի է համայնքների խոշորացում անել, դա միայն կամավոր սկզբունքով խոշորացնելն է: Բայց արհեստական, մահակով ասել, որ պետք է անել և բազմաթիվ լծակներ օգտագործել, սխալ է»:

Կարդացեք նաև

Նա հորդորեց կառավարությանը՝ դրա փոխարեն՝ այլ ծրագիր իրականացնել. «Վերցնել մեկ գյուղ, զարգացնել և դրա օրինակը մյուսների վրա էլ տարածել: Հայաստանը փորձադաշտի վերածելու փոխարեն՝ թող դա անեն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս