«Այս մոտ 40 մլն դոլարն իշխանության գինն է». Բագրատ Ասատրյան
«Հայաստանը պատրաստ չէ ներդրումներ թույլ տալու: Կլինեն նախագծեր, բայց դա բնավ չի նշանակելու, որ աշխարհը ձգտելու է այստեղ խնդիրներ լուծել: Հայաստանը մնում է գերկոռումպացված, օլիգարխիկ համակարգ, ընդ որում` բանը բանից անցավ այս վերջին իրադարձություններից հետո: Պառլամենտը գրավել են: Քաղաքական տգիտությունը երբեք այսքան անկաշկանդ, այսքան անզուպ ու լկտի չի եղել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:
Ըստ նրա` մինչ մեր երկրի ղեկավարը Կատար էր այցելում, Վրաստանը ստորագրեց 1 մլրդ դոլար կապիտալով բանկ հիմնադրելու մասին համաձայնագիր, այսինքն` այս հարևան երկրների առաջնահերթությունները տարբեր են, Վրաստանում տնտեսավարման պայմաները շատ ավելի մատչելի են, որը ոչ միայն Հայաստանից առաջ է անցնում տնտեսական զարգացվածությամբ, այլ մեր հայրենակիցները նույնպես այնտեղ են ներդրում անում. «Մեր մոտ ներդրումները պաշտպանված չեն»:
Բ.Ասատրյանի խոսքով` ընտրակաշառքը բոլոր սահմաններն անցել է: Նա ներկայացրեց վերջին 5 տարում դրամական ագրեգատների վարքագիծը.
«Ունենք բնական կոր, որ տոնական օրերին առևտուրն աճում է, հետո կանխիկի նվազում է տեղի ունենում տնտեսությունում: Այս տարի մարտին կորը բարձրացել է, այսինքն` հաշիվներից հանել են փողերը: Վճռականություն ունեցողը կդիմի դատախազություն, Կենտրոնական բանկ: Մոտ 20 մլրդ դրամով կանխիկն աճել է, այսինքն` այս մոտ 40 մլն դոլարն իշխանության գինն է»: