Առաջին անգամ աֆրիկացի է ընտրվել ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն
Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր գլխավոր տնօրեն է ընտրվել Եթովպիայի առողջապահության նախկին նախարար Թեդրոս Ադանոմ Գեբրեիսուսը: Այս որոշումն ընդունվել է մայիսի 23-ին Առողջապահության համաշխարհային ասամբլեայի՝ Ժնեւում ընթացող 70-րդ նստաշրջանում, ընտրության մասին պաշտոնապես հայտարարվել է լիագումար նիստում:
Առաջին անգամ ԱՀԿ-ն գլխավորել է աֆրիկյան երկրի ներկայացուցիչ: Թեդրոս Ադանոմ Գեբրեիսուսն ուսանել է Երիթրեայի մայրաքաղաքում եւ Լոնդոնում, գիտությունների դոկտորի աստիճան ունի «Հանրային առողջապահություն» մասնագիտությամբ: 2005-2012 թվականներին գլխավորել է Եթովպիայի առողջապահության նախարարությունը, իսկ այնուհետեւ՝ մինչեւ 2016 թվականը, այդ երկրի արտաքին գործերի նախարարությունը:
Մարգարետ Չենը, որը հունիսի վերջին ավարտում է ԱՀԿ-ի ղեկավարի պաշտոնում գտնվելու տասնամյակը, արժանացել է ԱՀԿ-ի Պատվավոր գլխավոր տնօրենի կոչման:
Առողջապահության համաշխարհային ասամբլեայի ներկայիս նստաշրջանում, որն սկսվել է մայիսի 22-ին եւ կշարունակվի մինչեւ մայիսի 31-ը, մի շարք բանաձեւեր կընդունվեն, համաձայնագրեր եւ գործողությունների գլոբալ ծրագրեր կստորագրվեն առողջապահության հրատապ խնդիրների վերաբերյալ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: