Ոստիկանության ծառայողները հայտնաբերել են նորածնի դին փողոցում թողած կնոջը
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 23-ին ոստիկանության Հրազդանի բաժին բերման է ենթարկվել նորածնի դին փողոցում թողած կինը:
Հրազդան քաղաքի բնակչուհի 1977 թվականին ծնված Լ. Մ.-ն խոստովանել է, որ 2017 թվականի մայիսի 11-ի առավոտյան իրենց բնակարանի զուգարանում, առանց բժշկական միջամտության, ծննդաբերել է արական սեռի երեխա, որը ճիչ արձակելուց հետո մահացել է: Ինքը նույն օրը նորածնի դին պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորել և դրել է թղթե արկղի մեջ, որից հետո տեղափոխել է Հրազդան քաղաքի Շահումյան փողոցին հարակից անտառային կանաչապատ տարածք ու դնելով խոտերի մեջ՝ հեռացել է:
Լ. Մ.-ն ներկայացվել է ՀՀ ՔԿ Կոտայքի մարգային քննչական վարչություն:
Ավելի վաղ, մայիսի 15-ին Հրազդան քաղաքի Շահումյան փողոցում գտնվող գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի դիմաց՝ թղթե արկղի մեջ հայտնաբերվել էր նորածին երեխայի դի: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ Կոտայքի մարգային քննչական վարչությունում նախապատրաստվել են նյութեր: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: