
ԻՊ-ն տեղափոխել է շտաբը իրաքյան զորքերի կողմից գրեթե ազատագրված Մոսուլից

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն իրաքյան բանակի եւ ժողովրդական աշխարհազորի ճնշման ներքո խմբավորման շտաբը միլիոնանոց Մոսուլ քաղաքից տեղափոխել են 170 կիլոմետր դեպի հարավ ընկած Էլ-Հավիջայի նահանգ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Քիրկուկի նահանգի անվտանգության ուժերի մի աղբյուր:
Քիրկուկի նահանգի արեւմուտքում գտնվող էլ Հավիջա քաղաքն ԻՊ-ի ձեռքում է մնում 2014 թվականից: Նախքան զինյալների կողմից քաղաքի գրավումը դրա բնակչությունը հասնում էր շուրջ կես միլիոնի:
«ԻՊ-ի բոլոր առաջնորդները Մոսուլից տեղափոխվել են Էլ-Հավիջայի նահանգ, որը գտնվում է Քիրկուկից 55 կիլոմետր դեպի արեւմուտք: Շտաբն այնտեղ է տեղափոխվել՝ նկատի առնելով Մոսուլի հին քաղաքում խմբավորման մոտալուտ կործանումը»-հայտարարել է աղբյուրը:
Մոսուլում ԻՊ-ի դեմ իրաքցի զինվորականների գործողությունը՝ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությամբ, ընթանում է 2016 թվականի հոկտեմբերից:
Մայիսի 16-ին կոալիցիայի ներկայացուցիչը հայտարարել է, որ Մոսուլում ԻՊ-ի հսկողության ներքո մնում է միայն 12 քառակուսի կիլոմետր: Քիրկուկի նահանգի նահանգապետ Նաջմադին Քարիմն ավելի վաղ հայտարարել է, որ Հավիջա քաղաքում ԻՊ-ի դեմ գործողությունը կսկսվի միայն ահաբեկիչներից Մոսուլի եւ Հորդանանի ու Սիրիայի հետ սահմանին գտնվող Անբարի նահանգի տարածքների լիակատար ազատագրումից հետո: