Բաժիններ՝

Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի գլխավոր շտաբների պետերը եռակողմ հանդիպում կանցկացնեն աշնանը

Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների ղեկավարներն առաջին անգամ Վրաստանում եռակողմ հանդիպում կանցկացնեն ընթացիկ տարվա աշնանը: Այդ մասին ասված է Վրաստանի պաշտպանության նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Դրա մասին հայտնի է դարձել մայիսի 23-­ին Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարներ Լեւան Իզորիայի, Զաքիր Հասանովի եւ Ֆիքրի Ըշըքի՝ Բաթումում (Աջարիա) կայացած եռակողմ նախարարական հանդիպման շրջանակներում:

«Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի գլխավոր շտաբների պետերի եռակողմ հանդիպման կարեւորությունը, հանդիպում, որն առաջին անգամ անցկացվելու է ընթացիկ տարվա աշնանը, եւ այն ընդունելու է Վրաստանը»,-­ասված է հաղորդագրության մեջ: Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են նաեւ պլանավորված եռակողմ զորավարժությունները: Վարժանքների անցկացման ստույգ ամսաթվերն ու վայրերը անհայտ են մնում:

Վրացական ԶԼՄ-­ների տվյալների համաձայն, ընթացիկ տարվա հունիսի 4-­ից մինչեւ 14-­ը Թուրքիայում կանցկացվեն թուրքա­վրացա­ ադրբեջանական Caucasus Eagle զորավարժությունները՝ երեք երկրների հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ: Սեպտեմբեր ամսին կկայանան նաեւ շտաբային համակարգչային վարժանքներ՝ երեք երկրներից ժամանած զինվորականների մասնակցությամբ:

Հանդիպման ավարտից հետո Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարները համատեղ հայտարարություն են ստորագրել, որում ասվում է, որ երկրները տարածաշրջանային ու միջազգային մակարդակներով կշարունակեն մասնակցել խաղաղության եւ կայունության ապահովմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս