
«Եվրամիությունը պատասխան հարված կհասցնի ահաբեկչությանը». Յունկեր

Եվրամիությունը ցավակցում է Մեծ Բրիտանիային Մանչեսթրում կատարված ահաբեկչական գործողության կապակցությամբ եւ մտադիր է նրա հետ միասին պատասխան հարված հասցնել ահաբեկչությանը: Այդ մասին ասված է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հայտարարության մեջ:
«Ես իմ խորը ցավակցությունն եմ հայտնում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին եւ բրիտանական ժողովրդին: Այսօր մենք սգում ենք ձեզ հետ: Վաղը մենք ձեզ հետ կողք-կողքի պատասխան հարված կհասցնենք նրանց, ովքեր ձգտում են խախտել մեր կենսակերպը»,-ասել է Յունկերը:
Նա նշել է, որ ահաբեկիչները թերագնահատում են ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի հաստատակամությունը:
«Այդ վախկոտ հարձակումները միայն ամրապնդում են միասին աշխատելու մեր պատրաստակամությունը, որպեսզի պարտության մատնենք նման ստոր գործողություններ կատարողներին»,-ասված է հաղորդագրության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին։