«Ամեն ինչ տեղի կունենա ՀՀԿ-ի ներսում». Ալեքսանդր Իսկանդարյան

«Արդեն հայտարարվել է վարչապետի «քասթինգ», որը կղեկավարի երկիրը հաջորդ տարվա ապրիլից, և կլինի որոշ մրցակցություն՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու համար։ Հասկանալի է, որ դա կլինի ՀՀԿ-ի ներսում, հասկանալի է, որ դրա վրա կազդեն արտաքին  հանգամանքները ևս։ Բայց մնացած ամեն ինչ տեղի կունենա ՀՀԿ-ի ներսում, և այդ մրցակցությունն այս ամբողջ տարվա ընթացքում կշարունակվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ինչ վերաբերում է կոնկրետ թեկնածուներին, նա խուսափեց անուններ նշել՝ ընդգծելով, որ ամեն ինչ արդեն բոլորի համար պարզ է. «Ես քաղաքագետ եմ և մտածում եմ ոչ թե անձերով, այլ կառուցվածքներով։ Կարևորն անձերը չեն, այլ այն, թե ինչպես կանցկացվի մրցակցությունը և ինչպես կավարտվի»։

Խոսելով ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի մասին, նա ասաց, որ կոալիցիա կազմելն արդեն ավանդույթ է դարձել մեր երկրում. «Կոալիցիա կազմում են նաև այն ժամանակ, երբ դա հարկավոր չէ։ Դաշնակները քիչ քանակությամբ էին անցել խորհրդարան և լուրջ ազդեցություն ունենալ չէին կարող։ ՀՀԿ-ն որոշեց նրանց հետ կոալիցիա կազմել, որ իշխանությունը կոալիցիոն լինի, և ոչ թե՝ մեկ ուժի կողմից»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս