Բաժիններ՝

Հաղորդում հանցագործության մասին. Նիկոլ Փաշինյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին

Հարգելի պարոն Դավթյան.

ԵԼՔ դաշինքը, համախոհների կողմից ստանալով ահազանգեր այն մասին, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական շտաբերում մարդկանց մեծ կուտակումներ են առաջանում, և կան մարդիկ, ովքեր շտաբի տարածքին էին մոտենում ինչ-որ համարներով, իրականացրել է արագ արձագանքում, և ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ԵԼՔ դաշինքի կողմից ավագանու թեկնածու առաջադրված Հարություն Բաբայանի և Սուրեն Անանյանի հետ 2017թ. մայիսի 12-ին ժամը 13:00-ի սահմաններում ժամանել են Կոմիտաս 56 հասցեում գտնվող` Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի ընտրական շտաբ, որտեղ առկա է եղել մարդկանց կուտակում, ովքեր տարածքից հեռացել են այն ժամանակ, երբ պարոն Գորգիսյանը մոտեցել է տարածքին և սկսել իր հեռախոսով ֆեյսբուքյան ուղիղ եթերով նկարահանել տարածքում առկա մարդկանց: Միևնույն ժամանակ շտաբի դռների մոտ ավելացվել է վերջինիս անվտանգությունը հսկող անձանց քանակը:

Գևորգ Գորգիսյանը 13:25-ի սահմաններում լքել է շտաբի տարածքը, սակայն Հ. Բաբայանն ու Ս. Անանյանը մնացել են շտաբի տարածքում` իրականացնելով հետագա դիտարկում, երբ 13:30-13:40-ի սահմաններում նկատել են, որ ընտրական շտաբ է մուտք գործում մաքրություն իրականացնելու համար նախատեսված համազգեստ կրող կին, ով շատ կարճ ժամանակ անց դուրս է եկել շտաբից` ձեռքում ունենալով կեսից ավել լցված սև պոլիէթիլենային տոպրակ, շտաբի դռների դիմաց գտնվող աղբամանների պարունակությունը դատարկել է տոպրակի մեջ, ավլել  շտաբի դիմացի հատվածը, աղբը լցրել ձեռքի տոպրակը և այն գցել շտաբի մոտ գտնվող աղբամաններից մեկի մեջ:

Հ. Բաբայանի խնդրանքով՝ Ս. Անանյանն ուշադիր հետևել է` տեսնելու համար, թե ո՞ր աղբամանն է կինը գցում տոպրակը, ապա մոտեցել է աղբամանին և ծխախոտի գլանակով ծակել սև պոլիէթիլենային տոպրակը (նշան անելով վերջինիս վրա), որը կինն արդեն իսկ նետել էր աղբամանը:

Որոշակի ժամանակ սպասելով, որպեսզի իրենց նկատմամբ ուշադրությունն այլևս կորչի, Հ. Բաբայանը «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տաթև Խաչատրյանի ուղեկցությամբ մոտեցել է Անանյանի մատնանշած աղբամանին և այնտեղից հանել նշված տոպրակը:  Պոլիէթիլենային տոպրակն իր բաղադրությամբ տեղափոխվել է Ելք դաշինքի ընտրական շտաբ և ենթարկվել զննության, ինչի արդյունքում պարզ է դարձել, որ տոպրակում առկա սպիտակ մի քանի տոպրակների մեջ տեղադրված են եղել պատառոտված և ճմրթված փաստաթղթեր, որոնց նախնական ուսումնասիրության և դրանց վերականգնման  արդյունքում ակնհայտ է դարձել, որ այդ փաստաթղթերը ՀՀԿ շտաբի կողմից ընտրակաշառքի բաժանման գործընթացի կազմակերպման նպատակով մշակված նյութեր են:

Մասնավորապես՝

1. Մարդկանց ցուցակներ, որոնք պարունակում են անձանց հասցեներ, ինչպես նաև մարդկանց թվաքանակ, որը ենթադրաբար այն մարդկանց ցուցակների մի մասն է, ովքեր հանդիսանում են «տան ակտիվիստը» և ցուցակագրվել են ընտրակաշառք ստանալու համար և ում հետ, ըստ ստորև նշված ուղեցույցի, պետք է կապ հաստատեին շտաբի ներկայացուցիչները` ընտրակաշառք փոխանցելու նպատակով: Ուշագրավ է, որ այդ ցուցակում «մեկնաբանություն» վերտառման ներքո առկա են նշումներ կապված գրիչի հետ, օրինակ «գրիչ Հայկ»:

Հաշվի առնելով Ելք դաշինքի դիմումի հիման վրա 7/51 ընտրատեղամասում իրականացված վերահաշվարկի արդյունքում ի հայտ եկած նոր հանգամանքները՝ կարելի է ենթադրել, որ դրանք հենց այն ցնդող գրիչների տրամադրման մասին նշումն է կամ, ինչպես այդ մասին Ելք դաշինքի ներկայացուցիչները բազմից հայտարարել էին տարբեր ԶԼՄ-ներով, ինչպես նաև ԿԸՀ ներկայացված դիմումում, ընտրողներին գումարի տրամադրման հետ միասին համատարած բաժանվում էին գունավոր գրիչներ` պահանջելով քվեարկել այդ գրիչներով` մարդկանց քվեարկությունը վերահսկելու կամ նրանց վրա հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով` միտում ունենալով պարտավորեցնել անձին կատարել կաշառք տվողին տրված խոստումը` իր օգտին քվեարկություն կատարելու մասին:

Այնուամենայնիվ, երկու դեպքում էլ իրականցվել է հակաօրինական արարք, որի նպատակն էր կամ կեղծել քվեաթերթիկը` դիտավորյալ կերպով վերացնելով այնտեղ արվող նշումը, կամ գունանոր գրիչով քվեարկված քվեաթերթիկների առկայությունը ստուգելու միջոցով` այսկերպ տեղեկանալ անձի կողմից տեղամասում կատարված քվեարկության արդյունքների վերաբերյալ:

2. Ընտրողների ցուցակներ, որոնք պարունակում են նաև գումարի չափ, ինչպես նաև «+» և «-» նշանով տարանջատում, ինչն իրականացվում է գործողության կատարված/չկատարված տարբերակումն իրականացնելու համար: Ինչպես նաև փաստաթղթում առկա են գրառումներ այն մասին, որ կոնկրետ անձանց հարկավոր է կանչել 5000 դրամ վերադարձ ապահովելու համար:

3. Առանձնակի ուշագրավ է, որ այս ցուցակներում առանց վերնագիր թողնված սյունակի ներքո կատարված է նշում՝ «փարոս»: Ինչպես հայտնի է ՀՀ-ում Փարոս (ներկայումս՝ ընտանեկան նպաստ) ծրագիրը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցություն տրամադրող ծրագիրն է, որի շահառուներ են հանդիսանում առավել խոցելի խավերը:

Հետևաբար, տեղի է ունեցել առնվազն վարչական ռեսուրսի չարաշահում և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տրամադրել է ՀՀԿ ընտրական շտաբին Փարոս ծրագրում գրանցված անձանց ցուցակները, որպեսզի ընտրակաշառքի բաժանումը կազմակերպվի թիրախավորված: Այնուամենայնիվ, Փարոս նշումը կարող է ենթադրել, որ տվյալ անձին խոստում է տրվել իրեն հաշվառել Փարոս ծրագրում կամ սպառնալիք է եղել հանել Փարոս ծրագրից` ցանկալի ձևով չքվեարկելու դեպքում:

4. Համաձայն մեկ այլ ցուցակի, որից ակնհայտ է, որ որպես ընտրակաշառք մատուցվել են ծառայություններ կամ տրվել են խոստումներ ծառայություններ մատուցելու վերաբերյալ, վերևում նշված է ընտրատեղամասի համարը և ենթադրաբար պատասխանատուի անունը, ստորև ներկայացված են շենքերի հասցեներ, երկու ամսաթիվ, ապա կատարման ընթացքի մասին տեղեկություն կամ անձի անուն, ով ենթադրաբար պետք է զբաղվի այդ հարցով կամ պատասխանատուն է այդ գործողության իրականացման համար:

Այսպես օրինակ «Սունդուկյան 23 շենքի հետնամուտքի ոռոգման ջուրը միացնել – միացված է», «Սունդուկյան 29շ-ի վերջին մուտքի բորդյուրը վերանորոգել – 10.05.2017թ. – զակազը գրված է»:

5. Ուղեցույց կուսակցության շտաբի ներկայացուցչի համար` բնակչին գումար հանձնելու գործընթացը կազմակերպելու նպատակով: Այս ուղեցույցը վկայում է այն մասին, որ տեղի է ունեցել հստակ համակարգված և կազմակերպված ընտրակաշառքի բաժանում` ըստ նախնական կազմված ցուցակների:

6. Վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահում (թաղապետարան), քանի որ առկա ցուցակներից մի քանիսում (Վարչական ռեսուրսի ցուցակ 1 և Վարչական ռեսուրսի ցուցակ 2) ձայների ապահովման պատասխանատուների սյունակի ներքո նշված են պետական մարմինների աշխատակիցներ, մասնավորապես` պաշտոնյա – վերահսկիչ պալատ, պաշտոնյա – քաղաքապետարան, թաղապետարանի տարբեր բաժիններ, մասնավորապես` ընդհանուր բաժին, իրավաբանական բաժին, առևտրի և սպասարկման բաժին, եկամուտների բաժին և այլն, և յուրանքչյուր հաստատության անվան դիմաց նշված են մարդկանց քանակներ:

7. Կրթական հաստատությունների ներգրավում նախընտրական քարոզչությանը, քանի որ առկա ցուցակներից երկուսում (Վարչական ռեսուրսի ցուցակ 1 և Վարչական ռեսուրսի ցուցակ 3) ձայների ապահովման պատասխանատուների սյունակի ներքո նշված են դպրոցներ, մանկապարտեզներ (առանց մասնավորեցման ուսումնական հաստատությունների համարները) և յուրաքանչյուր հաստատության անվան դիմաց նշված են մարդկանց քանակներ:

8. Ոստիկանության աշխատակիցների ներգրավում նախընտրական քարոզարշավում, առկա է ֆաքսի միջոցով (010)27-02-02 հեռախոսահամարից, որը գրանցված է Արաբկիրի ոստիկանության անվան ներքո, հաղորդագրություն է ուղարկվել` նշումով հանձնել Արշակ Գևորգյանին, որտեղ ներկայացված է ՊՊԾ անձնակազմը` յուրաքանչյուրի անունի ու պաշտոնի դիմաց թվանշումով:

9. Գումարի տրամադրման ձևաթուղթ ըստ տեղամասերի, որտեղ նշվում է շտաբի պատասխանատուի անունը` Արմեն Ազոյան, ապա լրացման ենթակա են մնում «ՀՀԿ ձայներ» և «Գումար» տողերի բովանդակությունները, ինչը խոսում է այն մասին, որ նշված ձևաթղթում լրացվում է այն ձայների քանակը, որն անձը պետք է ապահովի 4/01 տեղամասի համար և դրա դիմաց ստանա համապատասխան ընտրակաշառք: Առկա է նաև նմանատիպ ստացականի ձեռագիր տարբերակը:

10. Ձայների բավարար քանակի չապահովման դեպքում գումարի վերադարձի ձևաթուղթ, որը ևս մեկ անգամ հաստատում է այն հանգամանքը, որ կուսակցությունն ընտրակաշառք է տվել հասցեական անձանց ու սահմանել նախապայման` ապահովել որոշակի քանակությամբ ձայներ, իսկ պայմանավորվածությունը չկատարելու դեպքում իրականացնել գումարի վերադարձ: Ավելին այս ձևաթուղթն ուներ հստակ պատասխանատու անձ և ակտի մի կողմը հայտնի սուբյեկտ է, ով հանդիսանում է շտաբի պետ Ա. Ազոյանը:

Կարևոր է նկատել, որ նշված շտաբի հարևանությամբ գտնվում է Ակբա-կրեդիտ Ագրիկոլ բանկի մասնաճյուղ, որի դրսի հատվածում տեղադրված անվտանգության տեսախցիկների տեսանելիության դաշտում էին գտնվում շտաբի մուտքն ու հարակից տարածքը:

Ուշագրավ է նաև այն, որ 2017թ. մայիսի 14-ին www.1in.am լրատվականի կայքում հրապարակված «Կրակն ընգանք, որ լրագրող եք. Գոռ Վարդանյանն իրեն զգում է կինոյում» վերտառությամբ հոդվածին կից տեսագրությունում առկա է դրվագ, երբ օպերատորի խցիկի տեսադաշտում է հայտնվում Կոմիտաս 56 հասցեում գտնվող ՀՀԿ ընտրական շտաբի համակարգչի էկրանը, որի վրա հստակ երևում են վերևում նկարագրված ցուցակների էլետրոնային տարբերակները, որոնք պարունակում էին նույն անունները, ինչ հետագայում աղբամանում հայտնաբերված ցուցակները:

Նշված փաստաթղթերը մշակված են  այնպիսի գործողություններ իրականացնելու համար, որոնց կատարումն արգելված է քրեական օրենսդրությամբ և որոնք հանդիսանում են հանցագործություն: Մասնավորապես խախտվել է.

1. ՀՀ Սահմանադրության հոդված 2, որի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով»:

2. ՀՀ Սահմանադրության հոդված 7, որի համաձայն «Ազգային ժողովի և համայնքների ավագանիների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ»:

3. ՀՀ Ընտրական օրենսգրքի հոդված 19-ի մաս 5, որի համաձայն «Արգելվում է նախընտրականքարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել` 1) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև պետական և համայնքային ծառայողներին (բացառությամբ Ազգային ժողովի պատգամավորների), ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս. 2) … ոստիկանությունում, … ծառայողներին, …»:

4. ՀՀ քրեական օրենսգրքի 154 հոդվածը, որը նախատեսում է, որ. «Քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելը, ինչպես նաև քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից երեք տարի ժամկետով»:

5. ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդվածը, որը նախատեսում է, որ. « Քաղաքացու ընտրական … իրավունքի ազատ իրականացմանը … խոչընդոտելը, … պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` վեց ամսից մեկ տարի ժամկետով` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

2. Նույն արարքները, որոնք՝

1) կատարվել են գույքին վնաս պատճառելու սպառնալիքով,

2) կատարվել են նյութապես շահագրգռելով,

3) զուգորդվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,

4) կատարվել են պաշտոնեական դիրքն օգտագործելով,

5) կատարվել են մի խումբ անձանց կողմից՝ 6) զուգորդվել է անձին ազատությունից զրկելով`պատժվում է ազատազրկմամբ` երեքից մինչև հինգ տարի ժամկետով` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա»:

6. Ընտրական օրենսգրքի հոդված 154.2 մաս 2, որը նախատեսում է. «Ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելով կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ իր ներկայացրած անձի (կուսակցության, կուսակցության դաշինքի) համար կաշառք տալը, այսինքն` դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն խոստանալը կամ տրամադրելը` պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երկուհազարհինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն` հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը պարտավոր են իրենց իրավասության սահմաններում քրեական գործ հարուցել հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում, օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները ձեռնարկել հանցագործություն կատարած անձանց և հանցագործության, ինչպես նաև դրա կատարման հանգամանքները բացահայտելու համար:

Հիմնվելով վերոգրյալի վրա` խնդրում եմ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-182-րդ հոդվածների կարգով քննարկել սույն հաղորդումը և հարուցել քրեական գործ:

Հուսով եմ, որ Ձեր կողմից ձեռք կառնվեն բոլոր միջոցները` ընտրողների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի բոլոր մեղավորներին բացահայտելու և պատժելու ուղղությամբ:

Կից ներկայացնում եմ` Կոմիտաս 56 հասցեում գտնվող` Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի ընտրական շտաբից դուրս բերված եւ ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչների կողմից մոտակա աղբամանում հայտնաբերված նյութերը՝ 26 թերթ:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

ԵԼՔ խմբակցության ղեկավար

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս